ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ ԱԳ փոխնախարար
16:00 - 15 մարտի, 2024

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ ԱԳ փոխնախարար

Ընթանում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

ԵՄ վիզաների ազատականացման հետ կապված հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը․ «Մենք մի փոքր հետընթաց ունենք, մասնավորապես՝ վիզաների ստացման գործընթացի հետ կապված։ Ոչ միայն չի էժանացել վիզաների ստացման պրոցեսը, այլև բարդաացել ու թանկացել է։ Եվ սա այն տեսանելի գործընթացն է, որով անցնում են մեր բոլոր քաղաքացիները»։

Նա հարցրեց, թե ինչպես է կարգավորվում այս հարցը։

«Ցավոք, պետք է կիսեմ ձեր մտահոգությունը և նշեմ, որ կա միայն մեկ ոլորտ, մեկ հարց կա, որտեղ դեռևս չենք հասել մեր ցանկալի արդյունքներին։ Ինչպես նշեցինք, ԵՄ-ի հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են եղել, և բոլոր ուղղություններով առաջընթաց կար։ Եթե մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, դա արտոնագրերի հարցն է»,- ասաց նա։

Նրա խոսքով այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել բոլոր մակարդակներում․ «Սակայն չեմ կարող ասել, որ կար առաջընթաց, հակառակը կար հետընթաց անգամ «Էրազմուս»-ի ծրագրով մեկնող ուսանողները, որ կարծում էր՝ չպետք է լինի որևէ դժվարություն, ունեին խնդիրներ մեկնելու: Խոսքը նաև որոշ պաշտոնյաների մասին է։ Բացի այդ, բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից»։

ԱԳՆ-ն, փոխնախարարի խոսքով, փորձում է ակտիվացնել աշխատանքը։ Նա հույս է հայտնել, որ մինչև այս տարվա եվրոպական ընտրությունները առաջընթաց կլինի։ Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, քանի որ  կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ լիարժեք չվերականգնվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել