ՌԴ Պետդուման ափսոսանք է հայտնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հետ կապված
 |hetq.am|
15:49 - 15 մարտի, 2024

ՌԴ Պետդուման ափսոսանք է հայտնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հետ կապված |hetq.am|

hetq.am: Հայաստանը Եվրոպայի հետ դաշնակցության ճանապարհին է, ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կողմնորոշվի, թե աթոռներից որ մեկին նստի։ Այսպես է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերը մեկնաբանել ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը քաղաքական կամք ունի ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման համար։

«Ափսոսում ենք, որ Հայաստանը բռնում է Եվրոպայի հետ դաշնակցային ուղին։ Փաշինյանը պետք է կողմնորոշվի, թե որ աթոռին նստի։ Երկուսի վրա նստելն ուղղակի անհնար է, և նա պետք է, իմ կարծիքով, հստակ նշի մեր կողմը։ Մենք Հայաստանի ժողովրդի մեջ տեսնում ենք դաշնակցային պետություն, դաշնակցային ժողովուրդ, որը միշտ եղել է մեզ հետ բարեկամական հարաբերությունների մեջ։ Ու Երևանի կողմից ճիշտ ուղղությունն ընտրելը միայն կբերի փոխհարաբերությունների բարելավման ու հետագա համագործակցության»,- Շվիտկինի խոսքերը մեջբերել է «Известия»-ն։

Նա նշել է, որ Հայաստանի վարչապետը պետք է նաև նայի Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների օրինակին, որոնք հետագայում «դարձան այդ միավորումների կամակատարները, ինչպես նաև ունեցան, այդ թվում քաղաքական և սոցիալ-տնտեսական, փլուզում»:

Մարտի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական TRT World հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանն ակտիվորեն քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը: Այն ժամանակ նա ընդգծել էր, որ Հայաստանի քաղաքացիները «եվրոպական ձգտումներ ունեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել