«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ արդյունքներ չկան, վերջնանպատակն իրականացված չէ»․ Արարատ Միրզոյան

 |aravot.am|
12:33 - 15 մարտի, 2024

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ արդյունքներ չկան, վերջնանպատակն իրականացված չէ»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի արտաքին հարաբերություններին վերաբերող հատվածը ներկայացնելիս՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին։

«Ինչպես կարող ենք դատել՝ նայելով 2023 թվականի իրադարձությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թեեւ շոշափելի, մեծ արդյունքներ չկան, այսինքն՝ վերջնանպատակն իրականացված չէ՝ սահմանների ամբողջական բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնուամենայնիվ եղել են շատ ինտենսիվ իրադարձություններ։ Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները, այնուհետեւ նախորդ տարվա փետրվարի վեցին Թուրքիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որին Հայաստանն արձագանքեց հումանիտար դիրքորոշմամբ՝ մենք ուղարկեցինք փրկարարական ջոկատ ու հումանիտար օգնություն։ Հումանիտար օգնությունը շատ խորհրդանշական էր, Մարգարայի կամրջով այս մարդասիրական բեռով բեռնված 7 բեռնատար սահմանը հատեցին։ Ինքս նույն առիթով այցելեցի Թուրքիա, տեղի ունեցավ ՀՀ եւ Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում»,- ասաց նա։

Միրզոյանը հիշեցրեց, որ թուրքական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մասնակիորեն վերաբացել հայ-թուրքական սահմանը, այսինքն՝ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Նաեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Անիի պատմական կամրջի վերանորոգման մասին։ «Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամրջի մասով, որպեսզի տեսնենք, թե ոնց է հնարավոր այդ աշխատանքները կազմակերպել։ Ցավոք, մյուս պայմանավորվածությունները մինչ այս պահն իրականացված չեն, նկատի ունեմ սահմանի մասնակի բացումը, թեեւ նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել այս մասին պայմանավորվածությունը»,- հավելեց Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ թուրքական հասարակությունում Հայաստանի ու Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին հաճախ կան պատկերացումներ, որոնք ամենեւին չեն համապատասխանում իրականությանը։ «Եվ կարեւոր են մեր դիրքորոշումները, մեր ընկալումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ, ներկայացնել թուրք գործընկերներին եւ հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել