Ավագանին անդրադարձավ Երևանյան լճի հանգստի գոտու մասին «Ինֆոքոմի» հրապարակմանը
17:10 - 12 մարտի, 2024

Ավագանին անդրադարձավ Երևանյան լճի հանգստի գոտու մասին «Ինֆոքոմի» հրապարակմանը

Երևանի ավագանին այսօր անդրադարձավ  Երևանյան լճի կիսաբարեկարգված հանգստյան գոտում  առկա խնդիրների վերաբերյալ «Ինֆոքոմի» երեկվա հրապարակմանը։ 

Հիշեցնենք, որ քաղաքի բյուջեից 182 մլն դրամ է հատկացվել ՔՊ ավագանու թեկնածուին պատկանող «Լիլանարմ» ՍՊԸ-ին՝ տարածքը բարեկարգելու համար։ Բարեկարգման աշխատանքներն իրականացվել են, գումարը՝ ծախսվել, սակայն լճի աջակողմյա հատվածում դեռ պահպանվում են աղբակույտերը, ցեխն ու քարքարոտ հատվածները։  

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, հոդվածից մեջբերում անելով, հարց ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին. «182 մլն դրամ զարգացման ծրագրով համայնքի բյուջեից, այն որ տրանսպորտի դոտացիային չի հերիքում, այդքան փող տրվել է, ու Երևանյան լիճը շարունակում է մնալ շատ անմխիթար ու գարշահոտ իրավիճակում։ Շրջե՞լ եք այդ տարածքով, տեսե՞լ եք այդ փողն ինչի է ծառայել ու ինչ արդյունք ունեք»։ 

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն իր պատասխանում լճի ափամերձ տարածքի բարեկարգմանը չանդրադարձավ, խոսեց միայն Երևանյան լճի մաքրման՝ ապագայում նախատեսված աշխատանքներից։ 

Մանուկ Սուքիասյանն իր արձագանքում հիշեցրեց, որ գումարը ծախսվել է բարեկարգման վրա՝ հեծանվուղի, ճեմուղի կառուցելու, լուսավորությամբ ապահովելու համար. «Կարելի է շրջել, տեսնել՝ ինչքան LED լուսավորություն կա։ Եթե այդքան փող է ծախսվել, ինչու՞ առ այս պահը Երևանյան լճի հարակից տարածքը չի հանձվում շահագործման. բացում չկա, լուսաբանում չկա, ժամանց չկա…Ծրագիրը թերակատարված է, և Երևանյան լճի՝ որպես զբոսանքի և ժամանցի վայր դարձնելու նպատակով ծախսված գումարներն իրենց նպատակին չեն ծառայել»,- նշեց Սուքիասյանը։

Փոխքաղաքապետը պատասխանեց, որ համաձայն չէ Մանուկ Սուքիասյանի պնդմանը՝ հավաստիացնելով, որ այդ գումարները հենց այնպես չեն ծախսվել. «Եւ այդ տարածքը, ի վերջո, վերածվելու է հանգստյան գոտու և ռեկրեացիոն գոտու։ Այս պահի դրությամբ արդեն քաղաքացիներն այնտեղ հաճախում են, այնպես չի, որ պարտադիր պիտի գնանք այդ տարածքը բացենք, որ մուտքը սկսի գործել այդ տարածքի»,- նշեց փոխքաղաքապետը։

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը չանդրադարձավ հանգստյան գոտու կառուցապատման նախագծից շեղումներին. մասնավորապես՝ հեծանվուղու թերի կահավորմանը, արգելափակոցի բացակայությանը, կանաչապատման հետաձգմանը և այլն։

Նշված շեղումների մասին կարդացեք այստեղ։

Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել