Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի Հայաստանում գազի գինը կմնա նույնը. ՏԿԵ փոխնախարար
 |tert.am|
15:07 - 11 մարտի, 2024

Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի Հայաստանում գազի գինը կմնա նույնը. ՏԿԵ փոխնախարար |tert.am|

tert.am: Հայաստանում հինգ տարի է՝ գազի գինը կայուն է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Կարծում եմ՝ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ տեղի չունենան»,- ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որ գազի գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի։

Վարդանյանը նաև նշել է, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասով անդամ երկրների միջև կան մի շարք հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս ձեռք բերված չէ։ 

Նախարարի տեղակալի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև կոնսենսուս չլինելու պատճառով նախնական քննարկումներում որոշում է կայացվել հետաձգել գազի ընդհանուր շուկայի գործարկումը՝ մինչև հնարավոր կլինի կոնսենսուսի գալ։

«Առաջին առանցքային հարցն այն է, որ գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնության չեն գալիս, որ պետք է լինի բոլորի համար նույնը։ Այստեղ Ռուսաստանը և Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանն ու կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար սկզբունքները պետք է այլ լինեն։

Երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ պետք է գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը մոտարկվեն կամ համաձայնեցվեն կամ դադարեն գործել։ Եվ այս դեպքում ևս Ռուսաստանը և Ղազախստանը համաձայն չեն դրան և կարծում են, որ պետք է երկկողմ պայմանագրերը շարունակեն գործել մինչև իրենց ավարտը։ Մեր դեպքում պայմանագիրը գործում է մինչև 2043 թվականը և դրան զուգահեռ պետք է գործի ընդհանուր շուկան։ Մենք կարծում ենք, որ դրան զուգահեռ հնարավոր չէ, որ գործի ընդհանուր շուկան, որովհետև գազի ամբողջ ծավալի մատակարարումն ապահովվում է հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակներում։ Սրանք են առանցքային հարցերը, որոնց շուրջ անդամ երկրները չեն եկել համաձայնության»,- եզրափակեց Վարդանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել