ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար
 |1lurer.am|
18:18 - 06 մարտի, 2024

ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: «Որպես ՀԱՊԿ անդամ՝ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: ՀԱՊԿ-ի հետ մեր քննարկումը վերջին շրջանի՝ առնվազն 2021 թվականի մայիսից սկսած, եղել է այն, որ մենք պնդել ենք, որ Հայաստանը սահման ունի Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ը պնդել է, որ չունի, և չի ճանաչել, և նույնիսկ չի դատապարտել ՀՀ տարածքի օկուպացիան: Ես կասեի, որ այստեղ ավելի շատ անհրաժեշտություն կա, որ ՌԴ-ն՝ որպես ՀԱՊԿ անդամ, հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը»,- այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ՀՀ վարած քաղաքականությանը, ապա, ըստ Արմեն Գրիգորյանի, Հայաստանը վարում է դիվերսիֆիկացման քաղաքականություն:

«Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, օրինակ, ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, և սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա, և Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում»,- ասաց նա և հավելեց, որ խոսքը և՛ տնտեսական, և՛ անվտանգային հարաբերությունների մասին է:

«Հայաստանը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանը նաև տարածաշրջայնացման քաղաքականություն է վարում, լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, փորձում է լավ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների հետ, հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ, և սա է մեր օրակարգը: Եվ երբ ասում են՝ հստակեցնենք, ամեն ինչ հստակ է»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել