ԱԺ-ն ընդունեց պատվավոր կոչումները հանելու, կուտակային կենսաթոշակից վաղաժամ օգտվելու կարգի, երթևեկության մասով տուգանքը 20%-ով քիչ վճարելու նախագծերը |1lurer.am|
11:06 - 28 փետրվարի, 2024

ԱԺ-ն ընդունեց պատվավոր կոչումները հանելու, կուտակային կենսաթոշակից վաղաժամ օգտվելու կարգի, երթևեկության մասով տուգանքը 20%-ով քիչ վճարելու նախագծերը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին քվեարկության դրվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, համաձայն որի՝ հարկային վարչարարության ընթացքն ու արդյունքների արձանագրումը տեսաձայնագրելու հնարավորություն է ստեղծվելու:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ու կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները, համաձայն որոնց՝ կհանվեն սահմանված մի շարք պատվավոր կոչումներ, և 17 պատվավոր կոչումներից կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները: Ըստ այդմ՝ կուտակային կենսաթոշակին վերաբերող նախագծով սահմանվել է մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացության տրամադրման կարգը՝ գործառույթը վերապահելով ՀՀ պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Մինչ այս էլ ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում մասնակիցն իրավունք ուներ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ։ Գործառույթը, սակայն, վերապահված էր Առողջապահության նախարարությանը

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրականացվող խախտումների դեպքում որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքը 20 տոկոսով քիչ վճարելու արտոնությունը: Կանոնն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի 1-ից, մինչդեռ առաջին ընթերցման ժամանակ նախատեսված էր գործարկել հուլիսի 1-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել