Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ
13:45 - 20 փետրվարի, 2024

Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայտնում են Մայր Աթոռից։

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվել է «Հրաշափառի» արարողություն։

Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։

Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ գոհություն վերառաքելով առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ վերստին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել