Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի
18:47 - 16 փետրվարի, 2024

Երևանի քաղաքապետը և ԻԻՀ դեսպանն անդրադարձել են ՀՀ մայրաքաղաքում նախատեսվող որոշակի ծրագրերի

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու համար: 

Ըստ աղբյուրի՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին: 

Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին նշել է, որ իրանական բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են Երևանում ներդրումներ իրականացնելու հարցով: 

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը, ավտոբուսային հավաքակայանը էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագրին, այգիների ու խաղահրապարակների կառուցման նախագծերին:   

Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Երևանի նկատմամբ: 2023թ. Երևան է այցելել շուրջ 120 000 զբոսաշրջիկ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել