Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը
 |armenpress.am|
13:00 - 15 փետրվարի, 2024

Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության 4 համայնքներում 500 միլիոն դրամի չափով մասնակցային  բյուջետավորմամբ ձևավորված  սուբվենցիաների փորձնական ծրագիրը նախապատրաստական փուլում է։

Այս մասին «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բյուջեում համապատասխան հատկացումն արդեն արված է և նախապայման է դրված նույն բյուջետային տարվա ընթացքում ավարտել այդ ծրագրերը։

«Իրականության մեջ մեր սուբվենցիոն ծրագրերը մասնակցային բաղադրիչ են: Որպես կանոն, համայնքներն այս ծրագրերը պետք է մեզ ուղարկեն այն դեպքում, երբ համայնքում հանրային լսումների նման քննարկումներ են տեղի ունեցել և, այսպես ասած, կազմվել է համայնքի տվյալ տարվա բյուջեին բնորոշ այն աշխատանքների կամ անելիքների ցանկը, որոնք այդ քննարկումների արդյունքում որոշվել է։ Այսինքն՝ պետք է համայնք-համայնք անցնել, բնակիչներին լսել, հասկանալ՝ այդ բնակավայրի առաջնահերթ խնդիրներից որո՞նք են, որ այս տարի պետք է լուծել»,-ասաց Սանոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ մասնակցային բյուջետավորման համակարգը բավականին արդիական մեթոդ է։

Ըստ այդմ՝ փորձնական տարբերակով այն կկիրառվի Ջերմուկ, Աշտարակ, Աբովյան և Արմավիր համայնքներում, իսկ հաջողելու դեպքում կընդլայնվեն և աշխարհագրությունը, և  մեթոդի կիրառման ուղղությունները։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ գումարի կեսը, հիմնականում, կբաշխվի համաչափությամբ, իսկ մյուս մասը՝ որոշակի բանաձևեր կիրառելով։

«Կարևոր է, որ հնարավորություն կստեղծվի՝ մարդիկ կարողանան քվեարկել էլեկտրոնային կամ այլ հարթակներով: Այս մեթոդով,  համայնքին ու Կառավարությանը կհուշեն, թե ո՞ր ծրագրերն են առաջնային»,-պարզաբանեց նախարարն՝ ընդգծելով, որ այդկերպ բնակիչները մասնակից կդառնան իսկապես  առաջնային խնդիրների լուծմանը, բացի այդ, լսելի կլինի նրանց ձայնը, բարձրացրած խնդիրը։

Կառավարությունն ակնկալում է այս մեթոդի կիրառմամբ մեծ մասնակցություն: Նախարարը հույս է հայտնում, որ քվեարկված, առաջարկված ծրագրերն իսկապես կհամընկնեն համայնքի ամենաառաջնային խնդիրներին, ինչն, ըստ Սանոսյանի,  կնշանակի, որ ծրագիրը ճիշտ է աշխատում։ Այս գործիքի արդյունավետ կիրառման դեպքում նախատեսվում է այն օգտագործել նաև մյուս ծրագրերի համար։

Անդրադառնալով ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների սուբվենցիոն կարգի բարեփոխմանը, ՏԿԵ նախարարը նշեց, որ նախ՝ վերլուծվել է այս տարիներին այդ համայնքներում  կատարված աշխատանքների ծավալը։ Արդյունքում պարզ է դարձել, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 1,7 միլիարդ դրամի չափով աշխատանքներ են կատարվել, ինչը Սանոսյանի գնահատմամբ՝ համեմատության մեջ բավարար չէ։

Մյուս կողմից, բավարար չեն այդ  համայնքների բյուջետային միջոցները։ Ուստի, Կառավարությունը երկու գործիք է ներդրել 2024 թվականից կիրառելու համար.  բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված այն համայնքների համար, որոնք մինչև 3500 բնակիչ ունեն և նրանց դոտացիոն գումարները կազմում են ընդամենը 10-20 միլիոն դրամ, նոր դոտացիոն կարգով սահմանվել է առնվազն 50 միլիոն դրամի չափով շեմ։ Բացի այդ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կառավարությունն իր կողմից ֆինանսավորման չափը կավելացնի  ևս 15 տոկոսով՝ 60-ից հասցնելով 75 տոկոսի։

«Մեծ հաշվով՝ կդառնա, որ գրեթե ամբողջ գումարը Կառավարությունն է տալիս, որովհետև մի մասը տալիս է դոտացիայով, մի մասը՝ հավելյալ տոկոսներով»,-ավելացրեց ՏԿԵ նախարարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված 9 համայնքի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել