Շատ կարևոր փաստաթուղթ է. Փաշինյանը՝ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին
 |1lurer.am|
18:29 - 07 փետրվարի, 2024

Շատ կարևոր փաստաթուղթ է. Փաշինյանը՝ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին |1lurer.am|

1lurer.am: Կարծում եմ, որ դա շատ կարևոր փաստաթուղթ է, որը մենք ստորագրեցինք Վրաստանի վարչապետի հետ, և ես ուզում եմ Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնել այդ արդյունքի համար, որովհետև իսկապես վերջին տարիներին մենք շատ ինտենսիվ աշխատեցինք քաղաքական այդ բովանդակությունը մեր հարաբերություններում ստեղծելու համար, և համոզված եմ՝ նաև նոր կառավարության, նոր վարչապետի հետ մենք նույն ոգով կշարունակենք:

Վրաստանի հետ մեր հարաբերությունները իսկապես շատ կարևոր են, և մենք ռազմավարական ընկալում ունենք, և նաև Վրաստանը. այսպիսով՝ մենք փոխադարձաբար ենք այդ ընկալումն արձանագրում, և եթե փաստաթղթի տեքստին ծանոթացել ենք, տեսել եք, որ այնտեղ, ըստ էության, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու մտադրություն է արտահայտված: Դա հռչակագիր է, մտադրություն է, որը դեռ պետք է իրագործվի: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի՝ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրման մասին հարցին:

«Իհարկե, պետք է արձանագրել, որ մեր առևտրաշրջանառությունը Վրաստանի հետ էականորեն աճել է, և նախորդ տարի, եթե հիշողությունս չի դավաճանում, 1 մլրդ դոլարից անցել է մեր առևտրաշրջանառությունը: Շատ մեծ պոտենցիալ կա իրականում»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ տարածաշրջանային առումով կարևոր արձանագրում է կատարվել: «Երբ որ մենք խոսում ենք մեր քաղաքականությունների լեգիտիմության մասին, այս արտաքին միջավայրերի հետ կապված խոսույթը միանգամից ընկալվում է Հայաստան-Թուրքիա հարաբերութունների կոնտեքստում, և դա հասկանալի է, բայց համատեքստն այդտեղ շատ ավելի լայն է: Մենք արձանագրեցինք Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ մեր հստակ դիրքորոշումն ու վերաբերմունքը: Վրաստանն իր հերթին արտահայտեց ՀՀ-ի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հստակ վերաբերմունքը: Սրանք, ըստ էության, ինչ-որ առումով նոր խոսույթներ են, որոնք, թվում է թե, ուղղակի նախադասություն է, բայց այսպիսի նախադասություններն են, որ բացում են, կամ նման նախադասությունների բացակայությունն է, որ նեղացնում կամ փակում է համագործակցության հետագա ճանապարհը: Հիմա այդ ճանապարհն ավելի ընդարձակ է և ավելի մատչելի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել