pastinfo.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի, նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը՝ զերծ մնալով այլ մանրամասներ նշելուց։
Նույն գործով կալանավորված «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի և նույն ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշումները ստացել են այսօր, պատրաստվում է վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Թե՛ Հովհաննիսյանը, թե՛ Մկրյանը մեղադրանքը չեն ընդունում և հրաժարվել են ցուցմունք տալուց։
Նշենք, որ քրեական գործով 7 անձի նկատմամբ հետապնդում է իրականացվում, որոնցից կալանքի տակ է երեք անձ, Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:
comment.count (0)