Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
11:49 - 02 փետրվարի, 2024

Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով՝ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին որոշում էր ստորագրել, ըստ որի՝ Անի Իսպիրյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել էին Անի Իսպիրյանը և ևս 6 անձ:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:

Նշենք նաև, որ նույն գործի շրջանակներում կալանավորվել են նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Նշենք նաև, որ մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել