Կարևորը՝ ՀՀ անդամակցությունը ՄՔԴ-ին չանդրադառնա ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա. Պեսկով
15:39 - 01 փետրվարի, 2024

Կարևորը՝ ՀՀ անդամակցությունը ՄՔԴ-ին չանդրադառնա ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա. Պեսկով

«Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, ընդհանուր առմամբ, այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։ 

«Բայց մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումները բացասաբար չանդրադառնան ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր հարաբերություններին, որոնք մենք գնահատում ենք և ձգտում ենք զարգացնել», - նշել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որը վավերացվել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։  

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Հայաստանի տարբեր պաշտոնյաներ, սակայն, հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել