Նարինե Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով. ՔԿ
17:10 - 25 հունվարի, 2024

Նարինե Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով. ՔԿ

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման, ապա ոստիկանական բռնաճնշումների հետևանքով քաղաքական ապաստարան ստանալու և երկրից հեռանալու հայտարարության վերաբերյալ․

«Նկատի ունենալով Նարինե Հայրապետյանի առերևույթ առևանգման դեպքի վերաբերյալ տարատեսակ շահարկումները և քաղաքականացման անհարկի դրսևորումները՝ հարկ եմ համարում որոշ հանգամանքների վրա կանգ առնել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն հրապարակել վարույթն ավարտվելուց և վերջնական իրավական գնահատականները տրվելուց հետո։

Այսպես՝

ՀՀ քննչական կոմիտեն 2024թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առառևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է Ոստիակնության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ Ն․ Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։

Հաղորդման և ստացված փաստաթղթերի հիման վրա մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացվող բազմակողմանի նախաքննությամբ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգում կատարվելու։ Եվ հանգամանքները պարզելու նպատակով շարունակվում են կատարվել բոլոր անհրաժեշտ, անհետաձգելի վարութային և քննչական գործողությունները։

Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով, տեսաձայնագրառվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել։

Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։ Վերջինս, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ Նարինե Հայրապետյանը հայտարարել է, որ իր առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն երկրորդ անգամ ոստիկանները փորձել են իրեն մեղադրանք կարել, գրել են ցուցմունք, վերջինիս ստիպել, որ ստորագրի, տեսախցիկի տակ ուղղորդել են՝ ինչ ասի․ «Իմ առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն ոստիկանական բռնաճնշումներից ելնելով, հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում ու չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կամքին հակառակ իրենց հետ «խոսելու տանողները և ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ինչ կապ ունեն նրանք ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել, այլ հակառակը՝ փորձում էին ինձ մեղադրանք կարել, անգամ իրենք գրել էին ցուցմունք, ինձ ստիպել, որ ստորագրեմ, անգամ կամեռայի տակ ուղղորդել են՝ ինչ ասեմ՝ ես տիպված էի լքել հայրենիքը»,- ասել էր նա։

Հիշեցնենք՝ հայտնի էր դարձել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նարինե Հայրապետյանին Թոթովենց փողոցից անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

Ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը) նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել