ՍԴ-ն որոշել է՝ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ վարույթ հարուցելը չի հակասում Սահմանադրությանը |hetq.am|
22:36 - 22 հունվարի, 2024

ՍԴ-ն որոշել է՝ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ վարույթ հարուցելը չի հակասում Սահմանադրությանը |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանը հրապարակել է Ազգային ժողովի առնվազն 1/5 պատգամավորների դիմումի հիման վրա քննվող գործի մասին ամբողջական որոշումը, որը վերաբերում է Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների օրենսդրական կարգավորմանը: Սահմանադրական դատարանը գտել է, որ գործող օրենսդրական դրույթը չի հակասում Սահմանադրությանը:

Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները  2022թ. փետրվարի 15-ին դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն` Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը և որոշ դեպքերում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Պատգամավորների ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ Դատական օրենսգրքով Արդարադատության նախարարի՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը չի համապատասխանում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին և հակասում է Սահմանադրության պահանջներին:

Սահմանադրական դատարանը գտել է, որ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը դատավորի նկատմամբ միջամտող ակտ չէ, որը դատավորի նկատմամբ իրավական հետևանք է առաջացնում: Ընդամենը նախաձեռնում է Բարձրագույն դատական խորհրդի առջև դատավորի կարգապահական գործով վեճի լուծման հնարավորություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել