Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 90 սմ-ի
14:25 - 14 հունվարի, 2024

Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 90 սմ-ի

ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր հարավ-արևմուտքից անցած գիշեր ակտիվ ցիկլոն է ներթափանցել, ինչով պայմանավորված այդ հատվածներում ձյան առատ տեղումներ են դիտվել։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Ջերմուկում ձյան ծածկի առավելագույն բարձրությունը կազմել է 90 սմ, Գորիսում, Կապանում և Սիսիանում՝ 20-25 սմ, իսկ Մեղրիում՝ 15 սմ։ Հրազդան-Ֆանտան հատվածում նույնպես առատ ձյուն է տեղացել՝ 35-40 սմ ձյան շերտ է եղել։

ՊՈԱԿ-ից նշում են՝ Արարատյան դաշտում ձյան ծածկն առհասարակ բացակայում է։«Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով: Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի և Ծաղկահովտի հատվածներում՝ -17…-18 աստիճան ցուրտ:

Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն, և առաջիկա 3 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել