Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բախվել աղետի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |armeniasputnik.am|
13:00 - 13 հունվարի, 2024

Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բախվել աղետի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |armeniasputnik.am|

armeniasputnik.am ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Արևմուտքին հորդորել է զերծ մնալ Մերձավոր Արևելքում էսկալացիայից, այլապես ամբողջ տարածաշրջանը կարող է աղետի բախվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունվարի 12-ին Ռուսաստանը խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և նրա գործընկերների հարվածների հետ:

«Մերձավոր Արևելքում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Հարցը նույնիսկ այն չէ, որ Արևմուտքի ներկայացուցիչներն իրենց գործողություններով ոչնչացնում են ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջնորդության` Եմենի ներսում կարգավորման հասնելու բազմամյա ջանքերի արդյունքները»,-ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ նիստում։

Նրա խոսքով՝ խնդիրը շատ ավելի լայն է, քանի որ անխոհեմ և անհեռատես քայլերն ապակայունացնում են անվտանգային իրավիճակը և խաթարում են համատարածաշրջանային իրադրության ուրվագծվող կարգավորումը։

«Եթե էսկալացիան շարունակվի, ապա Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանը կարող է բախվել աղետի, որի համեմատ մինչ այդ տեղի ունեցածը «ծաղիկներ» կթվան: Մարդկանց կորցրած կյանքերն ու կործանված ճակատագրերն անհաշիվ կլինեն»,- ասել է դիվանագետը։

Նեբենզյան հայտարարել է, որ դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և նրան աջակցողների վրա, որոնք հանուն իրենց շահադիտական աշխարհաքաղաքական շահերի ոչ միայն համառորեն խանգարում են միջազգային հանրությանը Գազայի հատվածում հրադադար պահանջելու հարցում, այլև իրենք հերթական անգամ ագրեսոր են դարձել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով: 

Հարվածներից հետո Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։

Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել