Ստեփանավանի համայնքապետարանն ապատեղեկատվություն է որակել նախօրեին տարածված լուրերը
12:14 - 13 հունվարի, 2024

Ստեփանավանի համայնքապետարանն ապատեղեկատվություն է որակել նախօրեին տարածված լուրերը

Ստեփանավանի համայնքապետարանը ապատեղեկատվություն է անվանել լուրը, թե քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշ լրատվամիջոցներ ակնհայտ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը վիճաբանություն է ունեցել քաղաքացու հետ։

Նշենք, որ այդ տեղեկությունը տարածել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Այն որ քաղաքացի Գագիկ Կարապետյանը համայնքապետարան եկել է, փաստում են համայնքապետարանի տեսախցիկները։ Այդ նույն տեսախցիկները փաստում են նաև, որ նա համայնքապետարանի շենքից դուրս է եկել առանց որևէ վնասվածքի։

Քաղաքացին, գտնվելով համայնքապետարանում, դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հայհոյել է , խոչընդոտել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը, որի հիմքով համայնքապետարանը դիմել է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից հասարակական կարգը պահպանել պարտադրելու խնդրանքով։

Ավելի ուշ քաղաքացին ևս մեկ անգամ նկատվել է համայնքապետարանի բակում, սակայն եղել է ոչ ադեկվատ վիճակում, փորձել է կրկին մուտք գործել համայնքապետարան, սակայն պահակը ներս չի թողել։

Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին՝ համայնքապետարանը տեղյակ չէ, համարում է, որ դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։

Հորդորում ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն»,- ասվում է համայնքապետարանի հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել