Կառավարությունը 3,5 մլրդ դրամի վարկ կտրամադրի Արարատում մետալուրգիական գործարան կառուցելու համար
 |civilnet.am|
11:06 - 11 հունվարի, 2024

Կառավարությունը 3,5 մլրդ դրամի վարկ կտրամադրի Արարատում մետալուրգիական գործարան կառուցելու համար |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը 3,5 միլիարդ դրամի բյուջետային վարկ կտրամադրի «Ջի թի բի սթիլ» ընկերությանը։ Այս ընկերությունը մտադիր էր մետալուրգիական գործարան կառուցել Երասխում, սակայն ադրբեջանական կողմի կրակոցները տապալեցին ծրագիրը։ Ավելի ուշ որոշվեց գործարանը կառուցել Արարատ համայնքում։

Համապատասխան ֆինանսական աջակցության հարցը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ։ Ընկերությանը 3,5 միլիարդի վարկը տրամադրվելու է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի միջոցով, որի կառավարիչը Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա վարկային կազմակերպությունն է։

Վարկի մարումը նախատեսվում է իրականացնել դրա տրամադրման երրորդ տարուց սկսած։ Պետության նկատմամբ որպես վարկի մարման ապահովման միջոց գրավադրվելու է «Ջի թի բի սթիլ»-ի հետ կապված ​​Կոմիտասի պողոտա 53, 53/9 և 53/10 հասցեներում գտնվող անշարժ գույքերը։

Սահմանվել է 8 տոկոս տարեկան տոկոսադրույք։ Կառավարությունն ակնկալում է, որ արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ, որն իր հետ կառաջացնի նաև բազմաթիվ այլ աշխատատեղեր ծառայությունների և սպասարկման ոլորտում: Գործարանը կունենա 200-250 մլն դոլարի տարեկան շրջանառություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել