Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը
 |armenpress.am|
10:28 - 08 հունվարի, 2024

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքները՝ ազատելով այդ հատվածում սահմանազատված տարածքները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը հայտնեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականից հետո մի քանի այց են ունեցել այդ տարածք․ նա նշեց, որ այդ հատվածում առկա է շուրջ 25 հետկար անտառապատման ենթակա տարածք՝ մինչև Երևանի կենդանաբանական այգու մոտակայք։

«Տարածքում առկա են հողազավթման դեպքեր, այնտեղ ցանկապատված են տարբեր տարածքներ, որոնց վրա շինություն չկա։ Դրա հետ մեկտեղ 8 անձանց կողմից ինչ-որ շինություններ կան կառուցված, 8 ընտանիք Մյասնիկյան պողոտային հարող մասում, կարելի ասել, բնակվում է։ Ինչպես նաև Լվովյան փողոցում շինարարական աշխատանքներ կատարելուց հետո բավականին շատ բազալտե քարեր են կուտակվել, որոնք պետք է խնդրենք, որ շինարարը տեղափոխի։ Երկրորդ հարցը տարածքի սանիտարական մաքրումն է, այդտեղ հսկայական տարածքներ են՝ ամբողջովին ամայի։ Երրորդ խնդիրը ոռոգման ջրի խնդիրն է, որը լուծելի է։ Հավելեմ, որ, հաշվի առնելով կազմակերպության ռեսուրսները, այդ աշխատանքները ձեր հանձնարարականից հետո հնարավոր կլինի սկսել լավագույն դեպքում այս տարի աշնանը կամ հաջորդ տարի գարնանը։ Ամենամեծ խնդիրն այդ զավթված տարածքների խնդիրն է»,- մանրամասնեց Բեգոյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով զավթված տարածքների խնդրին, նշեց, որ այդ ժամանակներն ավարտվել են, և այլևս չեն հանդուրժելու նման երևույթները։

«Մենք այլևս չենք հանդուրժելու ապօրինի շինարարությունը, որովետև կարծում եմ, որ դրա ժամանակաշրջանը վաղուց սպառվել է։ Մենք այսօր նաև օրենսդրական որոշակի փոփոխություններ ենք քննարկելու, որոնք էլ ավելի են բարդացնելու տարածքների զավթումները։ Ինձ համար մեծ տարբերություն չկա՝ համայնքային փողերն են գողանում, թե համայնքի հողերը։ Այստեղ բանակցելու շատ լայն դաշտ չկա, այստեղ կա գործելու դաշտ, և մեր համապատասխան վարչությունների հետ պետք է քննարկել և տարածքներն ազատել։ Տասնամյակներով մեր կանաչ ֆոնդը նվազել է, ի թիվս այլ բաների՝ նաև նմանատիպ գործողությունների հաշվին։ Հետևապես, հիմա կանաչ ֆոնդի վերականգնման ժամանակաշրջանն է, և պետք է խնդրեմ անցնել ակտիվ գործողությունների»,- եզրափակեց Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել