ՀՌՀ նախագահը ընդունել է «Радио Sputnik» ընկերության պատվիրակությանը
17:26 - 05 հունվարի, 2024

ՀՌՀ նախագահը ընդունել է «Радио Sputnik» ընկերության պատվիրակությանը

Հունվարի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդունեց «Ռոսիա սեգոդնյա» միջազգային գործակալության գործադիր տնօրեն, «Радио Sputnik» ընկերության գլխավոր խմբագիր, ՌԴ Նախագահին կից «Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի» անդամ Կիրիլ Վիշինսկուն և «Радио Sputnik»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդարենկոյին, վերջիններիս խնդրանքով:

Ողջունելով նրանց այցը Հայաստան, Հանձնաժողովի նախագահը կարևորեց միջազգային համագործակցությունը, այդ թվում դաշնակցային Ռուսաստանի, լրատվամիջոցների հետ:

Հանդիպման առիթ էր Հանձնաժողովի որոշումը՝ 30 օրով կասեցնելու «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը: Տ. Հակոբյանն ընդգծեց, որ այդ որոշումը փաստարկված է և իրավական առումով անխոցելի` շեշտելով անթույլատրելիությունը ՀՀ տարածքում սփռելու «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարը, որը լի էր հերյուրանքներով, բամբասանքներով, զրպարտություններով, Հայաստանի Հանրապետության հանդեպ վիրավորանքներով, կեղծ ու չճշտված տեղեկատվությամբ:

Հանձնաժողովի նախագահը ընդգծեց, որ ՀՀ կարգավորող մարմնի կայացրած որոշման վերաբերյալ ռուսական կողմի արձագանքները զարմանք են առաջացնում և չեն համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ոգուն: Նա փոխանցեց ռուսաստանցի գործընկերներին Հանձնաժողովի տեսակետը, որ «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողության վերականգնման համար դեռևս նախադրյալներ չկան, քանի որ, ո՛չ «ՏՈՍՊԱ»-ն, ո՛չ «Радио Sputnik»-ը «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել:

Կ. Վիշինսկին շնորհակալություն հայտնեց ընդունելության և անկեղծ զրույցի համար և ներկայացրեց հանդիպման համատեքստում իրենց մոտեցումները։ Նա կարևորեց, որ կարգավորող մարմնի կողմից վարչական վարույթ հարուցելուց անմիջապես հետո տվյալ հաղորդաշարը հեռացվել է ռադիոընկերության եթերացանկից, և հետագայում «Sputnik Армения»-ն խմբագրական քաղաքականությունը մշակելու և իրականացնելու է՝ հիմքում ունենալով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխան պետությունների դաշնակցային, փոխհարգալից համագործակացությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրության տիրույթում գտնվող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել