ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1 մլրդ դրամ. նախաձեռնվել է 90 քրեական վարույթ
15:42 - 27 դեկտեմբերի, 2023

ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1 մլրդ դրամ. նախաձեռնվել է 90 քրեական վարույթ

Պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից իրականացվել է 40 ուսումնասիրություն: Մասնավորապես, վերահսկողություն է իրականացվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, ՀՀ ՏԿԵ նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում, ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» (այդ թվում՝ հանդիպակաց ուսումնասիրություններ «Շենգավիթ ԲԿ» ՓԲԸ-ում և «Վ.Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում), «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև հանրային գնումների, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտները համակարգող մի շարք լիազոր մարմիններում:

«2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացվել է 215 մշտադիտարկում: Ընդ որում՝ 215 մշտադիտարկումից 87-ն իրականացվել են քաղաքացիների կողմից ներկայացված հանրագրերի, դիմում-բողոքների հիման վրա: Հարկ ենք համարում փաստել, որ նշյալ գործառույթներն իրականացվել են հիմնականում առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, հարկային և մաքսային ոլորտների, դեղերի ներմուծման գործընթացների վերահսկողության, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:

2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրվել են շուրջ 117 միլիարդ ՀՀ դրամ առերևույթ խախտումներ, որի շրջանակներում վերականգնվել է շուրջ 1,034 միլիարդ ՀՀ դրամ:

2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ՀՀ վարչապետին են ներկայացվել շուրջ չորս տասնյակ օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ և շուրջ ութ տասնյակ այլ առաջարկություններ, որոնց գերակշիռ մասի շրջանակներում ՀՀ վարչապետի կողմից լիազոր մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

2023 թ. ընթացքում պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից՝ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով, ներկայացված 97 միջնորդությունների հիման վրա նախաձեռնվել են թվով 90 քրեական վարույթներ (2022 թ. արդյունքներով՝ 78 միջնորդությունից նախաձեռնվել էր 77 քրեական վարույթ): Նշյալ 90 քրեական վարույթներից 46-ը քննվում են ՀՀ քննչական կոմիտեում, 43-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ 1-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի, ինչպես նաև, հաշվի առնելով ՊՎԾ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ի հայտ եկած համակարգային մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ Ծառայության կողմից սահմանված կարգով մշակվել և ս.թ. մարտ ամսից շրջանառության է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայումս իրականացվող՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունը վերապահվելու է ՊՎԾ-ին:

ՊՎԾ կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանման ուշադրության կենտրոնում է գտնվում նաև հանրային գնումների ոլորտը: Հաշվի առնելով հանրային գնումների գործընթացներում առկա մեծաթիվ ռիսկերը, ինչպես նաև դրանցում հնարավոր խախտումների ու չարաշահումների կանխարգելման և բացառման ուղղությամբ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունը՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ Ծառայության՝ գնումների գործընթացների վերահսկողության վարչությանը հատկացվել է լրացուցիչ 10 հաստիքային միավոր, որոնց համալրման գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:

Այս պահի դրությամբ քաղաքացիներից Ծառայություն են մուտքագրվել 633 հանրագիր և դիմում-բողոքներ (2022 թ.՝ 589): Նույն ժամանակահատվածում Ծառայություն է մուտքագրվել 3131 (2022 թ.՝ 2909) ՄՏԻՑ գրություն և ելքագրվել է 2713 (2022 թ.՝ 2548) ԵԼԻՑ գրություն:

Ծառայությունը 2023թ. ընթացքում մշտադիտարկումներ է իրականացրել նաև պետական մի շարք գերատեսչություններում՝ քաղաքացիների կողմից այդ մարմիններին ուղղված դիմում-բողոքների ընթացքը լուծելու ընթացակարգերի, «Թեժ գիծ» ծառայության աշխատանքների կազմակերպման և քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման արդյունավետության նկատմամբ: Ընդ որում՝ արդեն իսկ ամփոփվել են ՀՀ առողջապահության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում, ինչպես նաև ՀՀ կադաստրի կոմիտեում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, որոնք սահմանված կարգով զեկուցվել են ՀՀ վարչապետին՝ լիազոր մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու առաջարկությամբ, որոնք միտված են արձանագրված համակարգային խնդիրների վերհանմանն ու կանոնակարգմանը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել