«Սիթի բայք»-ին փոխարինելու է եկել «ռուսական կրկնօրինակը»՝ ChargeFast անունով
19:58 - 25 դեկտեմբերի, 2023

«Սիթի բայք»-ին փոխարինելու է եկել «ռուսական կրկնօրինակը»՝ ChargeFast անունով

«Ովքեր կցանկանան նոր աշխատանք, գրեք ինձ։ «Սիթի բայքի» կրկնօրինակի պես։ Նոր է բացվել կայքը»,- «Ինֆոքոմի» տելեգրամյան ալիքում այսպիսի մեկնաբանություն է թողնում «Բարբի տիկնիկ» անունով մի օգտատեր։

Այս մեկնաբանությունը միանգամից հիշեցնում է «Սիթի բայք» հարթակը, որի մասին մի քանի օր առաջ «Հետքը» հետաքննություն էր հրապարակել։

«Սիթի բայք»-ն առերևույթ ֆինանսական բուրգ էր, որն աշխատում էր հետևյալ սկզբունքով․ պետք էր գրանցվել կայքում, որևէ չափի «ներդրում կատարել» և ստանալ եկամուտներ։ Այլ մարդկանց հրավիրելու դեպքում էլ եկամուտներ էին ստացվում նրանց «ներդրումներից»։

«Հետքի» հրապարակումից հետո Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Բարբի տիկնիկ» անունով օգտատիրոջը գրեցինք, որ հետաքրքրված ենք առաջարկվող «աշխատանքով» և խնդրեցինք մանրամասներ ներկայացնել։ 

«Սիթի բայքին ծանո՞թ եք։ Եթե այո, նույն կրկնօրինակն է՝ ռուսական տարբերակով»,- պատասխանեց օգտատերը «Ինֆոքոմի» լրագրողին։

Հարցին, թե ինչպես են գումար աշխատում այս հարթակի միջոցով, «Բարբի տիկնիկը» պատասխանեց. «Ներդրումային ծրագիր է։ Առնվազն 3400 դրամից օրական մեծ եկամուտ ունեցող ծրագիր է։ Ամենօրյա պտտախաղ կա էնտեղ, դա էլ եք խաղում և կարող եք նվերներ կամ գումար ստանալ դրանից։ Կարող եք թիմ հավաքել իմ պես և թիմից ստանալ ևս տոկոսներ։ Երկուշաբթիից ուրբաթ կարող եք կանխիկացնել։ Հայաստանում էլ կար այդ ծրագիրը, էստեղ փակվեց, ժամկետը լրացավ, դրամով էինք կանխիկացնում։ Սա նոր է բացվել, սոմ տարադրամով է աշխատում»։

Նրա նշած, դրամով աշխատող ծրագիրը հենց «Սիթի բայքն» է, որի կայքն այժմ անհասանելի է, և որտեղ «ներդրում կատարած» մարդիկ տելեգրամյան խմբերում բողոքում են, որ չեն կարողանում իրենց հասանելիք գումարները կանխիկացնել։ Իսկ այս նոր հարթակը, որն, ըստ օգտատիրոջ, ռուսական է, աշխատում է Ղրղզստանի դրամական միավորով՝ սոմով։

Օգտատերը նշեց, որ պետք է գրանցվել, VIP արժեքներից որևէ մեկը գնել և ստանալ ամենօրյա եկամուտ՝ «այդ ներդրումից ստացված տոկոսների» տեսքով։ Մեր լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես կարող է գումար աշխատել՝ թիմ հավաքելով։

«Հրավերի հղումը պատճենում եք և տարածում, տեղեկացնում ձեր գրառումով, որ այսպիսի աշխատանք կա։ Սոց ցանցերում՝ Ֆբ, Տիկ-տոկ, Ինստա, կարող եք տարածել։ Եթե գրանցվեն ու ներդնեն, վիպ գնեն, նրանցից տոկոսներ եք ստանալու ամեն օր։ Եկամուտը օրական շատ մեծ կլինի։ Ես Սիթի բայքով օրական 70 հազար ստանում էի, բայց փակվեց»,- ասաց օգտատերն ու քայլերը բացատելիս ուղարկեց «Սիթի բայքի» իր օգտահաշվից լուսապատճեններ։

Օգտատիրոջ կարծիքով «Սիթի բայքի» փակվելու պատճառն, իբր, այն է եղել, որ որոշ օգտատերեր Հայաստանից միևնույն հեռախոսահամարով մի քանի օգտահաշիվ են բացել և «5 մլն դոլար գողացել կայքից»։

«Բարբի տիկինիկի» ներկայացրած «ներդրումային ծրագիրը» գործում է ChargeFast անվան ներքո։ 

ChargeFast-ը ներկայանում է որպես Հոնկ Կոնգում 2017-ին գրանցված համաշխարհային ընկերություն, որը զբաղվում է հեռախոսների շարժական լիցքավորիչների սպասարկմամբ։ Ընկերությունն, իբր, նշված ծառայությունները մատուցում է նաև Չինաստանում, Թայլանդում և Թայվանում։

Կայքում, սակայն, հրապարակված է ևս մի տեղեկություն, ըստ որի` ChargeFast-ը գրանցված է Ղրղզստանում «Тез Заряд» անունով։ Ղրղզստանի պետական ռեգիստրում, իսկապես, «Тез Заряд» անունով մի ընկերություն կա, որը գրանցվել է այս տարվա հուլիսի 26-ին, իսկ ղեկավարը Շեզդբեկ Սեյդակմատովիչն է։ «Тез Заряд»-ի ռեգիստրի տվյալներում, սակայն, ChargeFast անունը հիշատակված չէ։ 

ChargeFast-ի կայքում նշվում է նաև, որ իրենց նպատակն է Ղրղզստանում ներդումներ ներգրավել։ Այս սխեման կրկին հիշեցնում է «Սիթի բայքը»։ Վերջինիս թիմից էլ նշում էին, որ իրենք հեծանիվների վարձակալությամբ զբաղվող ամերիկյան Citi bike ընկերության հայաստանյան ծրագիրն են։ Ամերիկյան ընկերությունը, սակայն, հերքել էր նրանց հետ կապը։

Հեռախոսների շարժական լիցքավորիչների սպասարկմամբ զբաղվող հարթակ Հոնկ Կոնգում իրոք գործում է։ Սակայն պարզվում է, որ այդ ընկերությունը կոչվում է ոչ թե ChargeFast, այլ ChargeSPOT: Ղրղզական ChargeFast-ը գողացել է ChargeSPOT-ի տարբերանշանը, լուսանկարները, տեսանյութերը և ներկայանում է որպես միջազգային ընկերության ներդրումային ծրագիր։

Առաջին նկարը ChargeFast-ի տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութից է։

Երկրորդ նկարը ChargeSPOT-ի՝ 2020-ին տեղի ունեցած միջոցառումից է։



Ակնհայտ է, որ տեսանյութում SPOT-ը խմբագրել ու դարձրել են Fast։

Այս լուսանկարը ևս ChargeFast-ի տելեգրամյան ալիքից է։

Իսկ ChargeSPOT-ի ֆեյսբույքան էջի հրապարակման հղումով կարող եք տեսնել լուսանկարի իրական տարբերակը։



Կրկին SPOT-ը խմբագրվել ու Fast է դարձել։

Այսպիսով, «Սիթի բայքի» մասին հրապարակված հետաքննությունից և քրեական վարույթի նախաձեռնումից հետո Հայաստանում սկսել է շրջանառվել մեկ այլ հարթակ, որը գործում է նույն այն սխեմայով, ինչ «Սիթի բայքը»։  ChargeFast-ը ներկայանում է որպես միջազգային կազմակերպության ներդրումային ծրագիր, սակայն ոչ մի կապ չունի Հոնգ Կոնգում գործող ChargSPOT ընկերության հետ, ավելին՝ գողացել է նրա տարբերանշանը, լուսանկարներն ու տեսանյութերը։ ChargeFast-ն առերևույթ աշխատում է ֆինանսական բուրգի սխեմայով, քանի որ առաջարկում է «ներդրում կատարել» մի բիզնեսում, որի հետ կապ չունի, իսկ ChargeFast-ում գրանցվող մարդիկ եկամուտ են ստանում կա՛մ իրենց «ներդրումից», կա՛մ այլ մարդկանց ներգրավելուց։

Հայաստանի Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է, որով գույք ներդրողին կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձին առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության:

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել