Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունները կվերակառուցվեն Հայաստանում

 |aravot.am|
12:19 - 22 դեկտեմբերի, 2023

Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունները կվերակառուցվեն Հայաստանում |aravot.am|

aravot.am: «ՀՀ ֆինանսաբանկային համակարգը, ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո պահպանել է ներկայացվածությունը Լեռնային Ղարաբաղում՝ նպաստելով ԼՂ-ում տնտեսության բնականոն գործունեությանը։ Դրան նպաստել են ԼՂ կառավարությանը ՀՀ կառավարության աջակցությունը եւ ԿԲ կարգավորումները։ Մասնավորապես, 2020 թվականից կառավարության կողմից ԼՂ-ին աջակցությունը թույլ է տվել սպասարկել ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ մեծ պարտավորությունները, որոնց մի մասը ձեւավորվել էր նաեւ պատերազմի հետեւանքով»,- այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ԼՂ կառավարության եւ հիմնադրամների կողմից թողարկված պարտատոմսերը Կենտրոնական բանկի կարգավորումներում մշտապես հավասարեցված են եղել պետական պարտատոմսերին, դրանց ծավալը կազմել է շուրջ 273 մլրդ դրամ։ Արտաքին աուդիտ իրականացնող ընկերությունները դիտարկել են ԼՂ կառավարության կողմից թողարկված պարտատոմսերը ՀՀ կառավարության նկատմամբ պահանջներին միեւնույն մոտեցումներով։

«ԼՂ կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ անհնար է դարձել։ Նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների եւ բանկերի վարկանիշների էական վատթարացում։ Ֆինանսական ցուցանիշների վատթարացման հետեւանքով՝ վարկավորման  տեմպերի անկում եւ հետեւաբար՝ տնտեսական ակտիվության նվազում, ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում՝ ստեղծված սոցիալական ծանր պայմաններում»,- ասաց նախարարը։

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վերոնշյալ շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70 եւ 30 համամասնությամբ։

«Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից ստանձնվող պարտավորությունների 70 տոկոսի չափով կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորության նկատմամբ պահանջի իրավունքը։ Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը՝ թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչեւ 225 մլրդ դրամ անվանական արժեքով։ Արդյունքում՝ ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ ակնկալվում է վերականգնել Արցախի բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռնել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել