ՌԴ ԱԳՆ-ում թող նոյեմբերի 9-ի հայտարարությունը մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն՝ ով ինչ պարտավորություն չի կատարել. Փաշինյան |1lurer.am|
09:26 - 20 դեկտեմբերի, 2023

ՌԴ ԱԳՆ-ում թող նոյեմբերի 9-ի հայտարարությունը մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն՝ ով ինչ պարտավորություն չի կատարել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրային Հ/Ը եթերում անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծ մասամբ հենց Հայաստանի պատճառով չեն կատարվել, ասաց.

«Ես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: Այսինքն՝ դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, թող մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն, ով ի՞նչ պարտավորություն չի կատարել: Այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվի՞, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն:

Ուզում եմ նորից ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղ գործուղվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա: Եվ Դաշնային ժողովի այդ որոշման մեջ գրված է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը»:

Հնչող մեղադրանքին, թե՝ երբ հասնում են ապաշրջափակման կոնկրետ ստորագրելու փուլին, Հայաստանը խուսանավում է, Փաշինյանն արձագանքեց.

«Չկա այդպիսի բան, առնվազն երեք անգամ եղել է թուղթ, որ ասել ենք՝ հենց հիմա ստորագրում ենք, և այդ թղթի տրամաբանությունը եղել է այն, ինչ-որ մենք այսօր, ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նաև, իհարկե որպես նախագիծ շատ լավ է, շատ պոզիտիվ է, բայց մենք ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակային դարձրեցինք, որովհետև մեզ վերագրվում էր պարտավորություններ, դիրքորոշումներ: «Խաղաղության խաչմերուկը» առաջին օրից ենք բանակցել, սա է եղել մեր դիրքորոշումը: Հիմա այդ «Խաղաղության խաչմերուկը» հրապարակեցինք կամ այդ համախումբը, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե մենք ինչ ենք ուզում և ինչ չենք ուզում, որովհետև այդ թվում՝ Ադրբեջանը և նորից ուժեր փորձում էին ամբողջ աշխարհին համոզել, թե Հայաստանը հրաժարվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումից: Մենք հրապարակային ասացինք՝ մենք սրան պատրաստ ենք, հենց այսօր»:

Ինչո՞ւ մենք չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու: Այս հարցին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Մենք այնպես չէ, որ չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու, բայց ես քիչ առաջ ասացի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պիտի ընթերցվի, պիտի ընթերցվի՞, թե՞ չպիտի ընթերցվի»:

Ճշտող հարցին` այդտեղ ուղղակի կապ կա՞ բանակցություններին չգնալու հետ, վարչապետը պատասխանեց.

«Այնպես չէ, որ բանակցությունների չենք գնում: Տեսեք, մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ սա եռակողմ հայտարարություն է, ըստ էության, այսօր գետնի վրա եռակողմ հայտարարությանը համապատասխանող ոչ մի բան գոյություն չունի»:

Դիտարկմանը, թե Հայաստանին նաև մեղադրում են, որ ուզում ենք ««ջրել» այդ հայտարարությունը», վարչապետն արձագանքեց.

«Կներեք, բայց ես ասացի, եկեք կարդանք այդ հայտարարությունը և նայենք այդ հայտարարությանն առնչվող տարածքում ի՞նչ է կատարվում: Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞: Եթե մեզնից ուզում են, մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք 9-րդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Հիմա եկեք նայենք 8-ը, 7-ը, 6-ը, 5-ը, 4-ը, 3-ը, 2-ը, 1-ը, տեսնենք` մի բան կա՞ իրականության մեջ: Կներեք, ասում եմ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ»:

Վարչապետի գնահատմամբ` նրանով, որ խաղաղապահները վերջում ասում են` իրենք ավելի շատ դիտորդներ են, ոչ թե խաղաղապահներ, զրոյացնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և մեզ պետք չէ դրանում մեղադրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել