Բացասական եզրակացության պարագայում երկարացվել է Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը
 |hetq.am|
15:58 - 18 դեկտեմբերի, 2023

Բացասական եզրակացության պարագայում երկարացվել է Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը |hetq.am|

hetq.am: 2022թ. հուլիսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի` Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին: Մինչդեռ այս տարվա օգոստոսի 29-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկարացրել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը մինչև 2040թ. մայիսի 1-ը: 

Հիշեցնենք` «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրացել է 2023թ. սեպտեմբերի 10-ին: 

Նախարար Գնել Սանոսյանին հարցում ուղարկեցինք` խնդրելով պարզաբանել, թե ինչի հիման վրա է երկարացվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը, եթե ՇՄՆ-ն բացասական եզրակացություն է տվել ընդերքօգտագործողի հայտին: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ  «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն դեռևս 2021 թ. դեկտեմբերի 13-ին դիմել է ՏԿԵ-ին` Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման նպատակով: Լիազոր մարմինը, քննարկելով ընկերության դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, այն ներկայացրել է Շրջակա միջավայրի և Արտակարգ իրավիճակների նախարարություններ` փորձաքննությունների: 

ՏԿԵ նախարարի 2022թ. հունիսի 21-ի հրամանի համաձայն` ընկերության դիմումը մերժվել է` սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու հիմքով: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն բողոքարկել է նախարարի այս հրամանը ՀՀ վարչական դատարանում, որի արդյունքում Վարչական դատարանը պարտավորեցրել է ՏԿԵ նախարարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` Մեղրաձորի ոսկու հանքավայրի թույլտվության գորոծղության ժամկետը 16 տարի 8 ամիս երկարաձգելու վերաբերյալ: 

Վարչական դատարանի վճիռը ՏԿԵ-ն չի բողոքարկել, և այն մտել է օրինական ուժի մեջ: 

Այժմ անդրադառնանք դատական ակտին: Գործը քննել է դատավոր Արգիշտի Ղազարյանը: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Տեր-Տաճատյանը հիմնավորումներում նշել է, որ ընկերությունը 2022թ. հուլիսի 14-ին վարչական բողոք է ներկայացրել նախարարություն՝ խնդրելով անվավեր ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ընդերքօգտագործման իրավունքը երկարաձգելը մերժելու հրամանը և ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման թույլտվության ժամկետը 16 տարի 8 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Սակայն վարչական բողոքի հիման վրա վարչական վարույթ չի հարուցվել, չի հրավիրվել որևէ լսում:

Արմեն Տեր-Տաճատյանի մեկնաբանմամբ` Ընդերքի մասին օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ դիմումատուն պարտավոր է վերացնել հենց թերությունները, իսկ որևէ հետագա պարտավորություն դիմումատուն չունի, որևէ օրենսդրական ակտով նախատեսված չէ, որ դիմումատուն թերությունները վերացնելուց հետո անպայման պետք է ծանուցի նախարարությանը:

Տվյալ դեպքում Շրջակա միջավայրի նախարարությունը 14.04.2022թ.-ին ծանուցել է և՛ նախարարությանը, և՛ ընկերությանը՝ հաշվետվությունը լրամշակելու անհրաժեշտության մասին, որից հետո նույն օրը լրամշակել է հաշվետվությունը՝ ուղղելով առկա թերությունները և հայտնելով դրա մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

ՏԿԵ-ն իր դիրքորոշմամբ առարկել է հայցի դեմ՝ նշելով, որ ներկայացված վարչական բողոքը մերժվել է, քանի որ նախարարի որոշումը իրավաչափ է և ենթակա չէ անվավեր ճանաչման: Հայցվոր ընկերության կողմից թերությունները շտկվել և կրկին են ներկայացվել սահմանված ժամկետի խախտմամբ, որի արդյունքում նախարարությունը կայացրել է մերժման որոշումը: Ավելին, հայցվոր ընկերության կողմից չի ներկայացվել որևէ ապացույց՝ լրամշակված հաշվետվությունը սահմանված ժամկետում ՇՄՆ ներկայացնելու և այն նախարարության կողմից ստացված լինելու վերաբերյալ:

«Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մերժվել է ոչ թե լրամշակված հաշվետվությունը Շրջական միջավայրի նախարարություն ներկայացնելու, այլ այն սահմանված ժամկետում որևէ նախարարություն չներկայացնելու համար, որը չի կարող մեկնաբանվել որպես ձևական պահանջի չարաշահում»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչ Սոնա Հայրապետյանը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված 2022 թվականի հուլիսի 27-ի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբարյալ տրվել է բացասական եզրակացությունորի պարագայում ընդերքօգտագործումն արգելվում է:

Սոնա Հայրապետյանը շեշտել է, որ Ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման հատուկ ընթացակարգ, որի պահպանման պայմաններում միայն կարող է երկարաձգվել ընդերքօգտագործման իրավունքը: Այդ ընթացակարգի մաս է կազմում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը փորձաքննության ենթարկելը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան փորձաքննական դրական եզրակացության առկայությունը, առանց այս ընթացակարգերի պահապանման ընդերքօգտագործման իրավունքը չի կարող երկարաձգվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել