ԲԴԽ-ն բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը
17:25 - 15 դեկտեմբերի, 2023

ԲԴԽ-ն բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն էր ներկայացվել՝ առերևույթ կաշառքի առաջարկն ընդունելու և ստանալու մեղադրանքով  կասկածվող՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։ 

Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշեց բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը՝ հնարավորություն տալով Հակակոռուպցիոն դատարանին գործը քննել ըստ էության՝ նախաքննության ավարտից հետո։

Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած երևույթները և կշարունակի անզիջում պայքարը դրանց դեմ՝ առավել ևս դատական իշխանության շարքերում։՛

Նշենք, որ Փոլադյանի կինը` Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, եւս մեղադրյալ է։ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Հարությունյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս): 

Անձը, ում ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքը օրինականացնելուն օժանդակելու մեջ մեղադրվում է Անի Հարությունյանը, եւս դատավոր է։ Խոսքը Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանի մասին է։

Հարությունյանի եւ Նարինյանի վերաբերյալ քրեական գործերը դատաքննության փուլում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել