Նեթանյահուն վտանգում է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունն՝ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար․ Էրդողան |azatutyun.am|
09:31 - 06 դեկտեմբերի, 2023

Նեթանյահուն վտանգում է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունն՝ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը վտանգում է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունն ու ապագան՝ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար, Դոհայում, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ «Գազայի հատվածում իրականացված վայրագությունները վերաճեն տարածաշրջանային պատերազմի, որը կներառի Սիրիան», ըստ Anadolu գործակալության, ասել է Էրդողանը՝ շեշտելով՝ Իսրայելի և Պաղեստինի պատերազմի հարցով Թուրքիայի առաջնահերթությունը կրակի անհապաղ և մշտական դադարեցումն է և Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան առաքման ապահովումը։

Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում որակելով հանցագործություն մարդկության դեմ՝ Էրդողանը շեշտել է՝ Իսրայելը ռազմական հանցագործությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի։

«17 հազար անմեղ պաղեստինցիների մահը, հիմնականում՝ երեխաներ և կանայք, հանցագործություն է մարդկության դեմ, ռազմական հանցագործություն։ Իսրայելը չպետք է հեշտ ազատվի պատասխանատվությունից»,- մասնավորապես, ասել է Թուրքիայի ղեկավարը։

Մոտ մեկ շաբաթ տևած ժամանակավոր հրադադարից հետո ծանր ռազմական գործողությունները Գազայում շարունակվում են, Իսրայելի օդուժը հարվածներ է հասցնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի դիրքերին, որին Թել Ավիվը մեղադրում է կրակի դադարեցման ռեժիմը խախտելու համար:

«Ռազմական գործողությունների վերսկսմամբ մենք ընդգծում ենք՝ Իսրայելի կառավարությունը հավատարիմ է պատերազմի նպատակներին՝ ազատել մեր պատանդներին, վերացնել «Համաս»-ը և երաշխավորել, որ Գազայի հատվածը երբեք վտանգ չի ներկայացնի Իսրայելի բնակիչների համար», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել