«ՌԴ-ից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է, վերաարտահանման ծավալներն աճել են 80,6 տոկոսով»․ փոխնախարար
 |aravot.am|
10:59 - 27 նոյեմբերի, 2023

«ՌԴ-ից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է, վերաարտահանման ծավալներն աճել են 80,6 տոկոսով»․ փոխնախարար |aravot.am|

aravot.am: Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից մարդկանց եւ կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

Ըստ փոխնախարարի՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա 9 ամիսներին աճել է 48,4 տոկոսով, այդ թվում՝ աճի վրա ամենամեծ ազդեցությունը՝ 29,1 տոկոս, ունեցել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները։ 9 ամիսներին ՀՀ զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 23,1 տոկոսով։ Այդ թվում՝ Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումներն աճել են 27,4 տոկոսով, այլ երկրներից փոխանցումները նվազել են 50,5 տոկոսով։ «2023 թվականի 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը։ Նպաստել է շուրջ 80,6 տոկոսային կետով։ Մինչդեռ, հայկական ծագման ապրանքների արտահանումը աճին նպաստել է 4,4 տոկոսային կետով»,- ասաց Վահան Սիրունյանը։

Արտահանման ծավալներն, ընդհանուր առմամբ, աճել են 44,8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 46,4 տոկոսով։ «Արտահանման աճի դանդաղումը, ի համեմատ նախորդ ամիսների, հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազային էֆեկտով, ինչպես նաեւ պղնձի միջազգային գների նվազմամբ եւ ՌԴ ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի արժեւորման տեմպերի արագացմամբ։ Արտաքին առեւտրի բացասական մնացորդը նախորդ տարվա համեմատ խորացել է 48,9 տոկոսով եւ կազմել է -3 մլրդ 367 մլն դոլար»,- հավելեց փոխնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել