«50 հազարից ավելի քաղաքացի միացել է մեր պետականության հենասյուներին վերաբերող նախաձեռնությանը»․ խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվեի» նախագծի շուրջ
 |aravot.am|
13:07 - 24 նոյեմբերի, 2023

«50 հազարից ավելի քաղաքացի միացել է մեր պետականության հենասյուներին վերաբերող նախաձեռնությանը»․ խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվեի» նախագծի շուրջ |aravot.am|

aravot.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել։

Հիշեցնենք, որ Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով պահանջում է քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց․ «Ստեղծված բարդ ռազմաքաղաքական վիճակում առավել եւս անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ քաղաքացիական հասարակությունն իր տեսակետն արտահայտի, որովհետեւ աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, անվտանգության այն միջավայրը, որը գոյություն ունի, հատկապես ներքին ու արտաքին սպառնալիքների օրեցօր ուժգնացումը ստիպում են, որպեսզի քաղաքացիական հասարակության ամբողջ ներուժը, միտքը եւ առաջարկություններն ուղղորդվեն նման կարեւոր հարցերի վերաբերյալ քննարկումներ իրականացնելու եւ այս բարդ իրավիճակից դուրս գալու համար։

Ակնհայտ է, որ նշված իրավիճակի համար ոչ միայն ադրբեջանական հանցավոր քաղաքականությունն է հիմք հանդիսանում, այլ նաեւ ՀՀ իշխանությունների՝ ժամանակին ոչ համահունչ քաղաքականությունը, որը բերել հասցրել է նրան, որ ՀՀ շուրջն օղակն օրըստօրե սեղմվում է։ Իսկ վերջին՝ սեպտեմբերի 19-ի իրադարձությունների շրջանակներում, Ադրբեջանն օգտվելով իրավիճակից, նորից իր հանցագործ քաղաքականությամբ հայաթափեց ամբողջ Արցախը։ Ըստ էության, իրականացվեց ցեղասպանություն հայ ժողովրդի արցախյան հատվածի նկատմամբ։ Այս պայմաններում չափազանց կարեւոր է ու անհրաժեշտ այս լսումների անցկացումը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց հայտարարության նախագիծը։

«Սա փոխկապակցված մի քանի հարցերի մասին է։ Առաջինը այն է, որ առաջին անգամ ՀՀ-ում 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով քաղաքացիներին տրված սահմանադրական իրավունքն իրացվում է, սա առնվազն 50 հազար ընտրական իրավունք ունեցող անձանց կողմից օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու հաջողված փորձ է։ Այն հասել է Ազգային ժողով՝ բարձրագույն ներկայացուցչական մարմին։ Երկրորդ կարեւոր արձանագրումն այն է, որ սկզբունքային նշանակություն ունի, թե ի՞նչ հարցի վերաբերյալ է այս նախաձեռնությունը։ 50 հազար եւ ավելի քաղաքացիներ միացել են այս նախաձեռնությանը, որովհետեւ այն վերաբերում է մեր ազգային, պետականության հենասյուներին, այս ժամանակահատվածում ամենակարեւոր մարտահրավերներից երկուսին՝ Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորության իրացմանը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման պահանջատիրության հարցերին։ Եվ պատահական չէ, որ այս նախաձեռնության սկզբից սկսած՝ հատկապես մեր թշնամիները սկսեցին պարբերաբար ու հետեւողական փորձ անել՝ նսեմացնելու նախաձեռնությունը։ Սրանից օգտվեցին նաեւ մեր ազգային մտածողությամբ քաղաքացիներին թշնամի համարվող հակառակորդները, որոնք հավանաբար պայմանական են կրում հայկական ազգանունները եւ սկսեցին իրենք էլ նսեմացման փորձեր անել»,- ասաց նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այս նախաձեռնության երրորդ կարեւոր հաստատումն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ձեւավորել են Ազգային ժողով, եւ շատ կարեւոր է, որ քաղաքացիները պետք է հետեւողականորեն իրենց վերահսկողությունն իրականացնեն՝ արդյոք խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն իրենց նախընտրական խոստումները պահպանում են, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ քաղաքացիների լեգիտիմ իրավունքն է պահանջել այդ նախընտրական խոստումների իրականացումը։ Կամ պետք է արձանագրել, որ այն ուժերը, որոնք չեն պաշտպանում, հետեւողական չեն իրենց նախընտրական ծրագրերում, նրանք զուրկ են լեգիտիմությունից, զուրկ են ժողովրդի տված վստահության քվեից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել