«Չեմ նայելու՝ որ խմբակցությունից է». Ավինյանը զգուշացում տվեց ավագանու երեք անդամներին՝ երեկվա միջադեպի հետ կապված |news.am|
10:39 - 22 նոյեմբերի, 2023

«Չեմ նայելու՝ որ խմբակցությունից է». Ավինյանը զգուշացում տվեց ավագանու երեք անդամներին՝ երեկվա միջադեպի հետ կապված |news.am|

news.am: Բռնությունն իր բոլոր դրսեւորումներով մեզ համար մերժել է եւ անընդունելի:  Այս մասին այսօր նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին:

Նա, մասնավորապես, ասաց. «Ավագանու նիստերի դահլիճում, եւ դահլիճից դուրս, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի դա խոսքով, ուղղակի անընդունելի է եւ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունը որեւէ իր դրսեւորմամբ այս դահլիճում տեղ չունենա:

Ըստ մեր կանոնակարգի, մեր քննարկվող հարցերը, տրվող հարցերը, հնչող ելույթները պետք է վերաբերեն այն հարցերին, որոնք կան օրակարգում: Մենք ունենք ավելի ազատ ֆորմատի հարցուպատասխանի ժամանակ եւ ունենք ավելի ազատ ելույթների հնարավորություն այլ ֆորմատի ժամանակ: Ես կխնդրեմ բոլորին այս կանոնները պահպանել:

Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տեսակ իրադարձությունները կանխելու համար ես անձամբ չեմ նայելու՝ մեր  խմբակցության ավագանու անդամն է, թե ընդդիմադիր խմբակցության, բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու: Իմ լիազորությունների շրջանակում ուզում եմ երեք զգուշացում տալ. տիկին Սոնա Աղեկյանին, տիկին Հայրապետյանին եւ տիկին Անի Խաչատրյանին:

Խնդրում եմ գնահատել այն հետեւանքները, որ խոսքը կարող է ունենալ, որովհետեւ եթե խոսքը պարունակում է բռնություն, այն ինչ-որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության:

Ուզում եմ նաեւ հատուկ զգուշացնել վարչական շրջանների ղեկավարներին, բոլորին, որոնք երեկ մասնակցել են այդ հրմշտոցներին: Իրենց նույնպես հետագա որեւէ նմանատիպ արարք չի ներվելու: Չեմ առանձնացնում ոչ մեկին, չնայած վստահաբար, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս է մասնակցել: Ուզում եմ իմ թիմակիցներին զգուշացնել, որ հետագայում որեւէ նմանատիպ քայլ չի ներվելու»:

Հիշեցնենք, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել