Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Զախարովա |armeniasputnik.am|
20:34 - 15 նոյեմբերի, 2023

Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արևմուտքի ծրագրերն Ուկրաինայում ձախողվեցին, և նա գազանի պես կառչեց Հայաստանից, որպեսզի պոկի այն Ռուսաստանից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան հայկական ղեկավարության վերջին քայլերը դիտարկում է որպես միևնույն շղթայի օղակներ։ Զախարովան հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցությունից հրաժարվելուն, այսպես կոչված եվրաինտեգրման վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի բացահայտումներին, հանրապետությանը արևմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնմանը, Կիևի ռեժիմի հետ «Երևանի հանկարծակի բարեկամությանը»:  Զախարովան հավելել է, թե, իր կարծիքով, դա «ստրկության շղթա է»։ 

«Ո՞վ է կանգնած այս երկրին նման գաղափարախոսություն պարտադրելու ցանկության հետևում։ Ակնհայտ է, որ Արևմուտքը: Դա ոչ ոք չի թաքցնում։ Ուկրաինայի հետ կապված նրանց պլանը լիովին ձախողվեց, հիմա նրանք կառչել են Հայաստանից և փորձում են այն պոկել Ռուսաստանից։

Ի՞նչ է նշանակում պոկել, մենք ինքնիշխան պետություններ ենք, մեր միջպետական ​​պայմանագրերը բոլորը կամավոր են կնքվել, ավելին, դրանք կոնկրետ արդյունք են տալիս։ Այդ արդյունքը կա, խոսքը բոնուսների մասին է, որ Հայաստանը ստանում է որպես պետություն՝ տնտեսական, ֆինանսական, էներգետիկ։ Ահա թե ինչից են փորձում զրկել Հայաստանին։

Մեր կողմից համոզված ենք, որ դա լիովին հակասում է հանրապետության, հայ ժողովրդի հիմնարար շահերին, ոչ թե այն պատճառով, որ մենք այդպես ենք կարծում, այլ որովհետև այդ մասին են խոսում բոլոր այն հավաստիացումներն ու խոստումները, որ հայ ժողովրդին տվել է Հայաստանի քաղաքական վերնախավը:

Եվ մեզ թվում է, որ դա ընդհանուր տարածաշրջանում կայունության հաստատման դեմ է գործում։ Ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները չեն մոռացել, որ երկրի բարեկեցությունը մեծապես հիմնված էր Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից ստացած առավելությունների վրա։ Սրանք իրական թվեր են և փաստեր։

Այս ամենը պահպանելու համար մեր գործընկերները դիմում են մեզ, միաժամանակ քայլեր են ձեռնարկում, հատկապես անվտանգության ոլորտում, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին և անտեսում Ռուսաստանի շահերը։ Սա ի՞նչ է՝ երկու աթոռի վրա նստելու փորձ։ Եթե ​​սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ապա, այն, իհարկե, ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ընդգծել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել