Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթուղթը լրամշակման վերջնական փուլում է
 |armenpress.am|
18:03 - 15 նոյեմբերի, 2023

Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթուղթը լրամշակման վերջնական փուլում է |armenpress.am|

armenpress.am: ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի կարծիքով՝ կառավարության ընդհանուր քաղաքականությունը բնականաբար ուղղված է ճանապարհների անվտանգ երթևեկության ապահովմանը։ Այս պահին ճանապարհային դեպարտամենտի կողմից կատարվում են որոշակի փոփոխություններ Հայաստանի ճանապարհային ցանցում, որոնք շուտով կընդունվեն կառավարության կողմից։

Ղալեչյանը «Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն՝ անվտանգ համակարգի մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողովում ներկայացրեց Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթղթի հիմնական դրույթները։

 «Ճանապարհային ենթակառուցվածքների ամբողջությունը մենք դիտարկում ենք որպես անվտանգ, կայուն, հասանելի, թվային և հուսալի համակարգ։ Առհասարակ մեր տեսլականը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման ծրագրի թիրախներին։ Անվտանգ ճանապարհներ ունենալու համար նախ և առաջ հանգամանորեն ուսումնասիրել ենք վիճակագրությունը։ Ռազմավարության մեջ ներառվել են մանրամասն վերլուծություններ և դետալացված նյութեր։ Վերջին տարիներին ավտոմեքենաների թվաքանակի աճի պատճառով հատկապես Երևանում բարձրացել է երթևեկության ծանրաբեռնվածությունը, ինչի արդյունքում ավելացել է ՃՏՊ-ների քանակը»,- տեղեկացրեց Ղալեչյանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները թույլ են տալու ավելի թիրախային քաղաքականություն վարել և առաջնահերթ ուշադրություն դարձնել ՃՏՊ-ների կանխարգելման աշխատանքներին։ Ռազմավարության տեսլականը ենթադրում է մինչև 2050 թվականը գրեթե զրոյացնել մահացությունների քանակը։ Հայաստանը միացել է նաև ստոկհոլմյան հռչակագրին, որով նախատեսված է մինչև 2030 թվականը հիսուն տոկոսով կրճատել մահացությունների թիվը։ Ըստ Ղալեչյանի՝ հենց սա է լինելու ռազմավարության գլխավոր թիրախը։

«Որպես ելակետ՝ ընտրվել է 2021 թվականին արձանագրված պատահարների վիճակագրությունը։ Ռազմավարությունը հիմնված է նաև «անվտանգ համակարգ» մոտեցման վրա, որում ներառված են ՄԱԿ-ի հինգ հիմնական նպատակներին համահունչ սկզբունքներ, այսպես կոչված՝ հենասյուներ։ Դրանք են ճանապարհային անվտանգության կառավարումը, անվտանգ ճանապարհները, անվտանգ երթևեկության մասնակիցները, ավելի անվտանգ մեքենաները և հետվթարային արձագանքը։ Այս ուղղություններով իրականացվող միջոցառումները մեզ օգնելու են հասնել թիրախային նպատակներին։ Երթևեկության անվտանգ համակարգը պետք է արտացոլվի նաև օրենսդրության մեջ համապատասխան բարեփոխումների տեսքով»,- ասաց Ղալեչյանը։

Նրա խոսքով՝ երթևեկության մասնակիցների վարքաբանական փոփոխությունն ամենաշատ քննարկվող թեման է։ Հիմնախնդիրների ընկալումը, վերահսկողության հետագա խստացումը նույնպես կարևոր ուղենիշներ են։

«Կառավարության կողմից իրականացվում են հսկայական ծրագրեր՝ ճանապարհային ցանցն ավելի բարվոք դարձնելու և անվտանգության ավելի արդյունավետ տարրեր ներդնելու ուղղությամբ։ Անվտանգության միջոցառումները պետք է ունենան բավարար և կայուն ֆինանսավորում՝ բացառելով ծախսերի կրճատումներն անվտանգության հաշվին։ Ճանապարհատրանսպորտային տվյալների հավաքագրման ու հաշվառման վերլուծական համակարգի արդիականացումը նույնպես առաջնային թիրախ է, որին միանալու է ճանապարհային դեպարտամենտը՝ տվյալների հիման վրա մշակելով հստակ քաղաքականություն»,- մանրամասնեց ՏԿԵ փոխնախարարը։

Ղալեչյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է մինչև 2030 թվականը վերացնել ճանապարհների վթարավտանգ հատվածները և յուրաքանչյուր փուլում իրականացնել ճանապարհային անվտանգության աուդիտ և ռիսկերի գնահատում, ինչի արդյունքում մեր ճանապարհները կունենան բարձր վարկանիշավորում։ Ըստ էության՝ նոր կոնցեպտուալ բնույթ է ստանալու «հանդուրժող ճանապարհային միջավայր» հասկացությունը։ Թիրախներից են նաև անվտանգ տրասնպորտային միջոցների ավտոպարկի թարմացումն ու տեխզննման համակարգի բարելավումը, ինչպեսև իրազեկման նպատակով կրթական ծրագրերի իրականացումը։ Կարևորելով վերջին բաղադրիչը՝ Ղալեչյանն ասաց, որ ճանապարհային երթևեկության կանոնները հանրակրթական դպրոցներում կդառնան մշտական ուսուցման առարկա, ինչն իրականացվելու է հանրային իրազեկման արշավ կազմակերպելու օրակարգի շրջանակում։

«Ռազմավարության հիմքում կարևոր նշանակություն ունի հետվթարային ծառայությունների բարելավման գործընթացը, որպեսզի կարիքավորներին հնարավորինս արագ հասցվի առաջին օգնությունը։ Բոլոր ուղղություններով ունենք հանգամանորեն մշակված միջոցառումների և գործողությունների ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների կողմից»,- եզրափակեց ՏԿԵ փոխնախարարը։

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանն էլ ընդգծեց, որ առաջարկվող ռազմավարությունը նախորդից տարբերվում է իր հեղափոխական մոտեցումներով։

«ԵՄ գրեթե բոլոր երկրներն անցել են տվյալների հավաքագրման նոր համակարգի, ինչը թույլ է տալիս կատարել ամփոփ վերլուծություն բոլոր ոլորտներում, որոնք վերաբերում են ճանապարհային անվտանգությանը։ Մասնավորապես կարևորվում են ԿԱԴԱՍ համակարգի չորս փոփոխականները, որոնք առնչվում են վթարների մասին տվյալների հավաքագրմանը, ճանապարհներին, տրանսպորտային միջոցին և հետիոտնին։ Համաշխարհային բանկը կատարել է ուսումնասիրություն՝ մեր համակարգը համեմատելով ԿԱԴԱՍ համակարգի հետ, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսի բացթողումներ ենք ունեցել նախկինում։ 2022 թվականին մեր ճանապարհային ոստիկանությունը կատարել է փոփոխություններ տվյալների հավաքագրման բազայում և մոտեցումներում, ինչի շնորհիվ արդեն ունենք ավելի բարվոք իրավիճակ։ Այդուհանդերձ դեռ կա զարգացման տեղ, առավել ևս, որ ռազմավարության մեջ ընդգրկված են կոնկրետ թիրախներ»,- ասաց Շահինյանը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել