Այն, ինչ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում. Սեյրան Օհանյանը՝ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք գնելու մասին |news.am|
13:40 - 15 նոյեմբերի, 2023

Այն, ինչ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում. Սեյրան Օհանյանը՝ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք գնելու մասին |news.am|

news.am: ՀՀ զինված ուժերում գոյություն ունի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր, որով որոշվում է, թե որ երկրից ինչ սպառազինություն ձեռք բերեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ֆրանսիային եւ Հնդկաստանից ձեռք բերվող սռապազինությանը:

Նրա խոսքով, ձեռք բերված սպառազինություն ու ռազմական տեխնիկան պետք է շարք կանգնեցնել, ինչը նշանակում է այն գոյություն ունեցող համակարգում պետք է ներդնել. «Այն, ինչի մասին խոսում են, զրահագնացների ձեռքբերումը մեկ նպատակ ունի՝ առաջինը բարձրացնել ԶՈՒ հատկապես հատուկնշանակության ստորաբաժնումների շարժունակության, մանեւրելու, խուսանավելու մակարդակը եւ բարձրացնել նաեւ անձնակազմի անվտանգության ապահովման խնդիրները»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ռազմական ոլորտում համագործակցությունը Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք ունեցել ենք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման մի քանի ծրագրեր. ՌԴ-ի հետ ունեցել ենք նաեւ զարգացման ծրագիր, որը հնարավորություն է տվել էժան գներով ներմուծելու, համատեղ ձեռնարկություններ ձեւավորելու: Բայց այն ժամանակ էլ մեր պետության հնարավորությունների շրջանակում այլ պետություններից սպառազինություն  ձեռք բերելն արգելված չի եղել: Միգուցե ոչ այդքան մեծ չափի, միգուցե փոքր  տրամաչափի սպառազինության տեսակներ մենք ձեռք ենք բերել նաեւ այլ պետություններից: Ընդ որում, եւ նախկին ԽՍՀՄ երկրներից եւ նաեւ եվրոպական հարթակից, Չինաստանից»:

Նա դրական գնահատեց Ֆրանսիայից եւ Հնդկաստանից սպառազինություն գնելու քայլերը. «Այն, ինչ այսօր կատարվում է, ես դրական եմ գնահատում: Միայն պետք է ԶՈՒ ղեկավարությունը հասկանա այդ սպառազինության նպատակները, դերն ու նշանակությունը, դրանց համադրելը այն համակարգերին, որոնք կան այսօր ԶՈՒ-ում եւ նաեւ առաջնահերթությունները: Որովհետեւ մենք ձեռք ենք բերում սպառազինություն, որոնք իրենց չափերով շատ մեծ են, հանկարծ վաղը խնդիր չառաջանա դրանց խոցման հետ կապված հարցերում: Այսինքն պետք է նաեւ  հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ նաեւ այլ ծառայությունների հետ համադրված աշխատանք կատարվի»,-ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել