Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք օրենքների նախագծեր
 |1lurer.am|
12:11 - 14 նոյեմբերի, 2023

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք օրենքների նախագծեր |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Ակնկալվում է՝ նախագծի ընդունմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում կապահովվի առավել բանիմաց և հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի առանց ֆիզիկական պատրաստականության պահանջի ընտրելու օպերատիվ ստորաբաժանման այնպիսի ծառայողների, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության և այլ բնագավառներում ունեն հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:

Կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի կոմիտեի առջև դրված խնդիրների լուծմանը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ԱԺ-ում քննարկման ներկայացրեց ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը:

Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր Հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Երևանի քաղաքապետի և ավագանու իրավական ակտերը կներկայացվեն լիազոր մարմին՝ նաև Նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակվելու համար:

Քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ԱԺ գլխադասային հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել