Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ՀՀ ԱԳՆ խոսնակ
20:56 - 09 նոյեմբերի, 2023

Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն: 

Բացի դրանից՝ ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:  

Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքում տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել