Նոյեմբերի 6-ից Լևոն Քոչարյանը լինելու է ազատության մեջ. փաստաբանական թիմ
16:20 - 05 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 6-ից Լևոն Քոչարյանը լինելու է ազատության մեջ. փաստաբանական թիմ

Նոյեմբերի 6-ին  Լևոն Քոչարյանը, ազատության մեջ է լինելու։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբանական թիմը` պարզաբանելով, որ Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և այդպիսով, գրեթե երկու ամիս շարունակվող կալանքը ենթակա է վերացման։
 
«Ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն հանդիսանում է գրեթե երկու ամիս ակնհայտ ապօրինի կալանավորված, ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով նաև տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող Լևոն Քոչարյանը»,– նշում են փաստաբանները։
Երկուշաբթի օրը` նոյեմբերի 6-ին, տեղի է ունենալու ԿԸՀ նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը: Պաշտպանները շեշտում են, որ Լևոն Քոչարյանը` նոյեմբերի 6-ին, այսինքն` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:
 
«Նշված դիրքորոշման իրավական հիմքը հանդիսանում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշումը, որը պարտադիր է բոլոր պետական մարմինների, այդ թվում քրեակատարողական ծառայության համար: Սահմանադրական դատարանի նշված որոշմամբ անդրադարձ էր կատարվել նախքան ՍԴՈ-1619 որոշումն իրավակիրառական պրակտիկայում առկա թվով երեք դեպքերին, որի շրջանակներում պատգամավորի կարգավիճակ ստացած անձինք շարունակել էին մնալ անազատության մեջ և Սահմանադրական դատարանը ուղիղ նշել էր, որ «նման իրավակիրառական պրակտիկան չի բխում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների բովանդակությունից», որի արդյունքում երեք պատգամավորներն ազատ էին արձակվել»,– հիշեցնում են փաստաբանները։
 
Պաշտպանները նաև շեշտում են, որ պատգամավորի անձեռնմխելիության ուժով նույնիսկ ապօրինի կալանքի վերացումը չի հանգեցնում քրեական հետապնդման դադարեցմանը։ Հետևաբար առաջիկայում փաստաբանական թիմը նոր տեղեկություններ ու տվյալներ է ներկայացնելու` որպես քրեական հետապնդման դադարեցման ակնհայտ հիմքեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել