«Կարևոր այց է, թերևս պատմական». Երևանում է Գերմանիայի արտգործնախարարը
 |azatutyun.am|
17:31 - 03 նոյեմբերի, 2023

«Կարևոր այց է, թերևս պատմական». Երևանում է Գերմանիայի արտգործնախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Երևանում է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, նա այստեղից մեկնելու է Բաքու։ Սա Բերբոքի Հայաստան ու Ադրբեջան՝ առաջին, իսկ տարածաշրջան երկրորդ այցն է, գարնանը նա Վրաստանում էր։

Ըստ գերմանական DW-ի՝ ակնկալվում է, որ արտգործնախարարը կքննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները, ինչպես նաև կհայտնի Եվրամիության պատրաստակամության մասին՝ ենթակառուցվածքային ներդրումներ կատարելու վերաբերյալ:

«Գերմանիան և Եվրամիությունը ցանկանում են Հարավային Կովկասի երկրների հետ կառուցել այնպիսի տարածաշրջան, որը կհաղթահարի անցյալի ստվերները և կձևակերպի մարդկանց ապագայի հետաքրքրությունները», - Երևան այցից առաջ այսօր հայտարարել է Բերբոքը։

Եվրամիությունը և մասնավորապես առանձին երկրներ Գերմանիան, Ֆրանսիան շարունակում են իրենց ջանքերը՝ վերսկսելու Երևանի ու Բաքվի միջևի ընդհատված բանակցությունները, այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ Բերբոքի այցը անվանելով պատմական։

«Կարևոր այց է, թերևս պատմական: Առաջին երկկողմ այցն է Գերմանիայի արտգործնախարարի: Նախկինում պարոն Շտայնմայերը ժամանել էր որպես ԵԱՀԿ նախագահող, ավելի շատ ԵԱՀԿ-ին էր վերաբերում այցը, դա նաև ցույց է տալիս Գերմանիայի նվիրվածությունը ներդնելու այդ գործընթացում՝ որպես ծանրակշիռ Եվրամիության անդամ», - ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից բացի Երևանում ի՞նչ հարցեր է քննարկելու Բերբոքը։ Այս այցից առաջ նա հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստել է կոնկրետ առաջարկներ անել տարածաշրջանին՝ ներառյալ Սև ծովով անցնող ստորջրյա հաղորդակցության մալուխի կառուցում՝ Եվրամիության Global Gateway ծրագրի շրջանակում, որի միայն այս բաղադրիչի արժեքը 45 միլիոն եվրո է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել