Եթե ֆունդամենտալ լուծում չգտնենք, ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք. Ավինյանը՝ ֆինանսավորման նվազեցման մասին
 |armenpress.am|
20:11 - 02 նոյեմբերի, 2023

Եթե ֆունդամենտալ լուծում չգտնենք, ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք. Ավինյանը՝ ֆինանսավորման նվազեցման մասին |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքին հաջորդ տարի հատկացվող դոտացիան կնվազեցվի մոտ 5 մլրդ դրամով, նվազեցվում են նաև սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևանին:

Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:

«Երևան քաղաքին հատկացվող դոտացիան մոտ 5 մլրդ դրամով նվազեցվում է, 13 մլրդ 430 մլն-ից դառնում է 8 մլրդ 436 մլն դրամ: Էականորեն նվազեցվում են սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևան քաղաքին»,- ասաց Ավինյանը:

Երևան քաղաքն այս տարի իրականացնում է մոտ 10 մլրդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրեր: 2024-ի բյուջեի նախագծում դա առաջարկվում է չներառել:

Քաղաքապետը նշեց, որ դոտացիայի տրամաբանության հետ կապված որևէ խնդիր չի տեսնում քաղաքը, միանշանակ դոտացիաները պետք է տրամադրվեն Երևանից ավելի հեռու գտնվող համայնքներին: Միևնույն ժամանակ, Ավինյանը նշեց. «Բայց այս տրամաբանությամբ կստացվի, որ Երևան քաղաքը, ունենալով Հայաստանի տնտեսական պոտենցիալի մոտ 50-60 տոկոսը, բնակչության 40 տոկոսից ավելին, ստանում է ընդհանուր դոտացիաների ընդամենը 10 տոկոսը: Նախկինում գրեթե բոլոր տարիներին Երևանին տրամադրվել էին սուբվենցիաներ, որոնք ուղղվել էին մասնավորապես Երևանի էլեկտրատրանսպորտի սուբսիդավորմանը, Երևան քաղաքում ասֆալտի ընթացիկ նորոգման, ճաքալցման աշխատանքներին, հիմա մոտավորապես 3 մլրդ այդտեղ է կրճատվել: Կրճատվել է մոտավորապես 2.4 մլրդ լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար: Կրճատվել է Կենդանաբանական այգու ֆինանսավորումը… Այս պարագայում, եթե համեմատենք 2023թ բյուջեի հետ, եթե չենք հաշվում սեփական եկամուտների աճը, որի վրա մենք ինտենսիվորեն շարունակու ենք աշխատել, եթե մենք ֆունդամենտալ լուծում չգտնենք այս հատվածում, մենք որոշակի ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք, որովհետև խոսքը փոքր գումարի մասին չէ»:

Քաղաքապետարանը, ըստ Ավինյանին, նաև լուծում է առաջարկում: ԱԺ-ն ընդունել է օրենք՝ համաձայն որի Երևանի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև Երևանի տարածքում գանձվող եկամտային հարկից մասհանումները, Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումները և բնապահպանական վճարներից մասհանումները: «Այս տողերով նախկինում ունեցել ենք 0 գործակից»,-նշեց նա:

Ըստ քաղաքապետի՝ ոչ միայն Երևանը, այլ նաև շատ համայնքներ տասնամյակներով թերֆինանսավորվել են, ինչն էլ բերել է ենթակառուցվածքների քայքայման: Ավինյանը հիշեցրեց, օրինակ, վերջերս Երևանի մետրոպոլիտենի մեկ օր կանգը: «Եվ մենք այդտեղ աշխատանքներ էինք իրականացնում, փոխում էինք անիվներ և ռելսեր: Եվ դա անում էինք կրկին ճգնաժամային տրամաբանությամբ:  Օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի: Եվ պարզ է, որ 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքն այս տեսակ խնդիրներ պետք է ունենա: Եվ ինչքան շարունակենք թերֆինանսավորել, այնքան այդ խնդիրներն ավելի ու ավելի կխորանան»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետը խնդրեց իրենց առաջարկած լուծմամբ առաջ շարժվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել