Ունենք բռնկում, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյանը՝ կարմրուկի մասին |1lurer.am|
14:40 - 02 նոյեմբերի, 2023

Ունենք բռնկում, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյանը՝ կարմրուկի մասին |1lurer.am|

1lurer.am: Իրավիճակը վերահսկելի է: Մենք ունենք բռնկում, և կարող եմ ասել, որ հենց այս պահին դեպի մարում է գնում բռնկումը: Այդ մասին ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Իհարկե, մեր զգոնությունը դրանից չի նվազում, և հնարավորինս բոլոր բժշկական կենտրոններում, բոլոր սիմպտոմները, որոնք կարող են լինել կարմրուկի պարագայում, հետաքննվում են, և արվում են հետազոտման բոլոր աշխատանքները, որպեսզի որևէ դեպք բաց չթողնենք:

Ունեցել ենք նաև բալիկի մահվան դեպք: Պետք է նշեմ, որ բալիկը պատվաստված չի եղել, և ունեցել է այն հիվանդությունները, որոնք իրավիճակը շատ ավելի բարդացրել են»,- ասաց Ավանեսյանը՝ հորդորելով, որ ազգային օրացույցով սահմանված իմունիզացիոն ծրագրով երեխաների պատվաստումները չուշացվեն:

Նախարարը նաև նշեց, որ մինչև քովիդի բռնկումը հանրության շրջանում եղել է 93-94 տոկոս պատվաստվածության աստիճան, մինչդեռ քովիդի ժամանակ, երբ առաջնային օղակի աշխատանքն ընդհատված էր, պատվաստումների տոկոսն իջել է: 2022-ին վերականգնվել են ցուցանիշները:

«Մենք մեզ համար խնդիր ենք դրել, որ պետք է հասնենք 95-96 տոկոսի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քովիդի դեպքերին, ապա Ավանեսյանը նշեց, որ այս պահին որևէ նոր շտամ չկա, օմիկրոնի շտամն է շրջանառվում, բայց լինում է, որ գրիպն ու քովիդը միաժամանակ են լինում, այդ դեպքում հիվանդությունը բարդ է ընթանում: Իսկ ընդհանուր առմամբ քովիդի մասով անհանգստացնող բան չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել