Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս. նախարար |armenpress.am|
11:41 - 31 հոկտեմբերի, 2023

Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն այս պահի դրությամբ գնահատվում է 5.5 տոկոս:

Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունը արտաքին են: «Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե միջինացնենք տնտեսական արտաքին պայմանները, վերջին 5 տարվա կտրվածքով մեր տնտեսական աճը որքա՞ն կլիներ»,-հարցրեց պատգամավորը:

Ֆինանսների նախարարն ասաց. «Սովորաբար գնահատվում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս: Այսինքն՝ այս պահի դրությամբ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս: Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված  է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից և այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք»:

Հովհաննիսյանը հավելեց՝ կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը:

Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: 2024-ի համար ևս տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել