Արևմտյան ԶԼՄ–ների սադրանքներն աշխատում են. Զախարովան` Փաշինյանի հարցազրույցի մասին
 |armeniasputnik.am|
18:25 - 26 հոկտեմբերի, 2023

Արևմտյան ԶԼՄ–ների սադրանքներն աշխատում են. Զախարովան` Փաշինյանի հարցազրույցի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Wall Street Journal թերթին տված հարցազրույցը։ Փաշինյանը հարցազրույցում հայտարարել է, որ հանրապետությունում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ առավելություն չի տեսնում։

 
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան ԶԼՄ–ները «հարձակվել» պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա` նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմապլանային կապերին առավելագույն վնաս հասցնելուն»,– ասել է Զախարովան։
Նրա խոսքով` հայկական ներկայիս իրականությունում նմանատիպ սադրանքները, ցավոք, աշխատում են։
 
«Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա հարցերը, մասնավորապես` Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ խողովակներով։ Մենք առիթ չենք տալիս, որ սադրանքների այդ «բացիլը» տարածվի»,– ընդգծեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
 
Նրա խոսքով` հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել Հայաստանի և Ռուսաստանի կապի նշանակությունը, ցածրացնել ՌԴ զինվորականների, սահմանապահների դերը հանրապետության ու նրա քաղաքացիների ապահովման գործում։
 
Ըստ Զախարովայի` 1990-ականներից սկսած` Հայաստանում ՌԴ զինծառայողների և սահմանապահների ներկայությունը մշտապես պահանջված է եղել` հաշվի առնելով Հարավային Կովկասում առկա բարդ իրավիճակը և Երևանի` հարևանների հետ հարաբերությունների չկարգավորված լինելը։
 
Նա ընդգծեց, որ ՀՀ–ում առկա 102-րդ ռուսական ռազմաբազան պարբերաբար վարժանքներ է անցկացնում սեփական մարտունակությունը և հայ գործընկերների հետ ներդաշնակությունը բարձրացնելու համար։
 
«Մեր սահմանապահները հակազդում են հայ–թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերին, կասեցնում մաքսանենգությունը հայ–իրանական սահմանին։ 2020 թ. դեկտեմբերից մշտադիտարկում են իրականացնում հայ–ադրբեջանական սահմանագծում։ Բոլոր միջոցառումներն անցկացվում են հայկական կողմի հետ համատեղ` հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով»,– նշեց Զախարովան:
Ինչ վերաբերում է ԼՂ–ում խաղաղապահներին, Զախարովան այն կարծիքին է, որ եթե իրենք չլինեին, ապա իրավիճակը կարող էր զարգանալ 2020 թվականի աշնանից ավելի դրամատիկ սցենարով, հատկապես ՀՀ իշխանության կողմից հանրային կերպով Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։
 
Զախարովան նաև անդրադարձավ ՀԱՊԿ–ի արդյունավետության հարցին` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ այն ցուցադրվել է, օրինակ, Ղազախստանում 2022 թվականի հունվարին։
 
«Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել։ Դրա փոխարեն, սակայն, Հայաստանի ղեկավարությունը նախընտրել է հրավիրել ԵՄ առաքելությանը, որը մոնիտորինգի անվան տակ զբաղվում է Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքելով ու հաշվետվություն է մշակում բացառապես Բրյուսելի համար»,- ասաց Զախարովան։
 
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել