ԵՄ-ն շուրջ 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանում կրթական կենտրոնների ստեղծման համար

 |factor.am|
18:21 - 26 հոկտեմբերի, 2023

ԵՄ-ն շուրջ 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանում կրթական կենտրոնների ստեղծման համար |factor.am|

factor.am: Global Gateway համաժողովի շրջանակում ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական փաթեթի մի մասը:

Փաթեթը ներառելու է 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից EIB Global-ի միջոցով: Նշվում է, որ ծրագիրը ներառում է երկու արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման կենտրոնների կառուցում Հայաստանի հարավային Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում։

Կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ նվիրված Հայաստանի գյուղական շրջաններում երեխաների և ընտանիքների համար կրթական հնարավորությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների կառուցմանը: Կենտրոնները 6-ից մինչև 18 տարեկան երեխաների համար կապահովեն հետդպրոցական կրթության հնարավորություններ և հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Հատուկ տրանսպորտային ցանցի միջոցով մինչև 6000 ուսանողներ կսովորեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա:

Նրանք նաև օգտվելու են սոցիալական աշխատողների և կրթական խորհրդատուների ծառայություններից, ուսումնական ճամփորդություններից, արտաքին փորձագետների ու մասնագետների հետ քննարկումներրից: Նշվում է, որ ծրագիրն աջակցում է Հայաստանի համար «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնությանը՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում:

Բացի այդ, այն նաև հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք» եվրոպական նախաձեռնության անբաժանելի մասը, որն աջակցում է Հայաստանի հարավային շրջանի սոցիալ-տնտեսական ճկունությանը։ Նշվում է, որ տարածաշրջանն ամենաշատն է տուժել 2020 թվականի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանությունից:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել