factor.am: Չեխիայի Սենատը հոկտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնում է Չեխիայում Հայաստանի դեսպանատունը։
Հաղորդվում է, որ բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին՝ հարգել միջազգային հումանիտար իրավունքի հիմնական նորմերը, կոչ է անում Ադրբեջանին՝ թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը Լեռնային Ղարաբաղ տարածաշրջան՝ վերահսկելու տեղի բնակչության նկատմամբ վերաբերմունքը։
Բանաձևով կոչ է արվում նաև բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող մշակութային և պատմական հուշարձանները վնասելուց և պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը։
Ընդգծվում է տուժած տարածաշրջանի մարդկանց մարդասիրական օգնության և աջակցության տրամադրման կարևորությունը։ Սենատը կոչ է անում Չեխիայի կառավարությանն իր հնարավորությունների սահմաններում պատրաստ լինել օգնություն ցուցաբերել, հատկապես առավել խոցելի մարդկանց, ինչպիսիք են մայրերը և առանց ուղեկցության երեխաները։
comment.count (0)