Լիտվան ԵՄ-ում Հայաստանի վստահելի գործընկերներից է. Փաշինյան
19:22 - 19 հոկտեմբերի, 2023

Լիտվան ԵՄ-ում Հայաստանի վստահելի գործընկերներից է. Փաշինյան

armenpress.am: Լիտվան Եվրամիությունում Հայաստանի վստահելի գործընկերներից է և Հայաստանը շնորհակալ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցության համար:

Այս մասին ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումից հետո իր հայտարարությունում:

Վարչապետը նշեց, որ սա Լիտվայից վարչապետի մակարդակով առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ինչը վկայում է երկու երկրների հարաբերությունների զարգացման նոր դինամիկայի մասին: Այս մասին են վկայում նաև վերջին տարիներին ակտիվացած փոխադարձ այցերը: Լիտվայի և ՀՀ-ի նախագահները 2022 և 2023թթ փոխադարձ այցեր են կատարել: 2021-ին աշխատանքային այցով Լիտվայում է եղել նաև Հայաստանի վարչապետը:

«Լիտվան ԵՄ-ում մեր վստահելի գործընկերներից է: Եվ մենք շնորհակալ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից մեզ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիության և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը ԵՄ-ում աջակցելու համար: Նման մի որոշում է Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հիշեցրեց՝ դեռ Եվրոպական խորհրդարանում իր ելույթում է ասել, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են, թե դա ինչ է նշանակում կամ  ինչ կարող է նշանակել գործնականում: Խոսել են նաև ԵՄ-ում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին:

Փաշինյանը Լիտվայի վարչապետին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկի» Հայաստանի նախագիծն ու առաջարկը: Դրա առանցքային նպատակը տարածաշրջանային, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հաղորդակցությունների վերաբացումն ու ակտիվացնում է, այդ թվում Հայաստանի տարածքով, որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Ծոցին: «Սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլ նաև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել նաև ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը»,-ասաց Հայաստանի վարչապետը:

Վերջին տարիներին Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ սիմվոլիկ: Փաշինյանի կարծիքով՝ Հայաստան-Լիտվա միջկառավարական համագործակցության հանձնաժողովը մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ: Վարչապետերը պայմանավորվել են այդ աշխատանքն ակտիվացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել