Վերջին տարիներին իրեն բաժին հասած, անխուսափելի փորձություններից ՀՀ-ն կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար․ Փաշինյան
14:56 - 17 հոկտեմբերի, 2023

Վերջին տարիներին իրեն բաժին հասած, անխուսափելի փորձություններից ՀՀ-ն կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար․ Փաշինյան

Տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանն անցնում է ծանր փորձությունների միջով, եւ սա ծանր ճշմարտություն է, բայց նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փշաինյանը։ 

«Այնուամենայնիվ, մեծագույն ճշմարտությունն այն է, որ ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով, ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլեւ ժողովրդավարությունն ընդհանրապես, որովհետեւ ՀՀ-ում եւ աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետեւյալ հարցը․ իսկ ի վիճակի է, արդյոք, ժողովրդավարությունը ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն եւ երջանկություն։ Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու համար, ես այստեղ եկել եմ պատասխանելու, եւ իմ պատասխանն այո՛ է աներկբա»,- ասաց Փաշինյանը։ 

Փաշինյանի խոսքով՝ շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց իր համոզմամբ՝ վերջին տարիներին իրեն բաժին հասած, մեծ հաշվով անխուսափելի փորձություններից ՀՀ-ն պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար։

«Սրա մասին են վկայում 2020-21թթ․ իրադարձությունները․ 44-օրյա պատերազմի ավարտին հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Հայաստանի պետական ինստիտուտները ծայրահեղական խմբերի գրոհների թիրախ դարձան, երբ հանրությունը պառակտված էր ու բորբոքված, ժողովրդավարական եղանակով ձեւավորված ինստիտուտները ամուր մնացին պետականության պահպանության իրենց դիրքերում՝ միեւնույն ժամանակ չխախտելով ժողովրդավարության որեւէ սկզբունք»,- ասաց վարչապետը։ 

«Խոսքի եւ հավաքների ազատությունն այդ ծանր իրավիճակում Հայաստանում չսահմանափակվեց, անհամաչափ ուժի կիրառման դեպքեր չգրանցվեցին, օրենքի գերակայությունը չնսեմացվեց, ու, չնայած այն բանին, որ խորհրդարանում շարունակում էինք ունենալ մեծամասնություն, պատերազմի ծանր հետեւանքների բերումով ի հայտ եկած սոցիալ-հոգեբանկան ճգնաժամը հաղթահարելու համար կառավարող ուժը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում կայացրեց, եւ այդ նպատակով եւ հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, ապա եւ սահմանված կարգով արձակվեցին կառավարությունն ու խորհրդարանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել