ՀՀ–ում ինտերնետ շահումով խաղերը վերահսկելու համար նախատեսում են ներդնել օպերատորի գաղափարը |armeniasputnik.am|
12:57 - 16 հոկտեմբերի, 2023

ՀՀ–ում ինտերնետ շահումով խաղերը վերահսկելու համար նախատեսում են ներդնել օպերատորի գաղափարը |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Շահումով խաղերի խաղադրույքների ծավալի մեջ կա վիճակագրական խնդիր, որը բացառելու համար ՀՀ–ում կներդրվի օպերատորի գաղափարը։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Ըստ նրա` խաղադրույքների մեջ կրկնակի հաշվարկների խնդիր կա, ավելին` խաղացողի ստացած բոնուսները ևս հաշվվում են որպես խաղադրույք։

«Ոլորտի ամբողջական թափանցիկությունը խնդիր է, իսկ ծրագրային աուդիտը բավականին թանկ է, սակայն դրա փոխարեն այլ լուծում մենք ունենք։ ՊԵԿ-ի և ֆիննախի հետ համատեղ օպերատորի գաղափարն ենք առաջարկում։ Ցանկացած ինտերնետ շահումով խաղ լինելու է օպերատորի սերվերի վրա, ու պետությունն այդպիսով տեսնելու է խաղադրույք անելու փաստը։ Դրանից հետո հույս ունենք, որ վիճակագրական խնդիր այլևս չի առաջանա»,- նշեց փոխնախարարը։

Հանձնաժողովի նիստում քննարկվեց ու դրական եզրակացություն ստացավ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրացված և փոփոխված տարբերակը 2–րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Ավագ Ավետիսյանի խոսքով` ՀՀ ՊԵԿ–ը եռամսյակը կամ կիսամյակը մեկ ստուգումներ անում է, սակայն առցանց անընդհատ ստուգումն ուղղակի անհնարին է։

Փոխնախարարը ներկայացրեց վիճակագրական տվյալներ ևս, ըստ որոնց` երեք տարվա կտրվածքով երևում է շահումով խաղերի գրեթե կրկնակի, եռակի աճը։

2020 թ. միայն խաղադրույքների մասով այդ թիվը կազմել է 2 տրլ դրամ, 2021 թ.` 3.9 տրլ, 2022 թ.` 5.8 տրլ։ 2023 թ. տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն ակնկալում ենք, որ մեր կողմից օրենսդրական կոնկրետ սահմանափակումների շնորհիվ արդեն իսկ ունենք ցուցանիշի նվազում»,– ասաց Ավանեսյանը։

Ըստ նրա` այս ոլորտի համաշխարհային աճը շատ ավելի ցածր է եղել, քան ՀՀ–ում արձանագրված ցուցանիշը։ Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակեց շահումով խաղերի ոլորտը կարգավորող և սահմանափակումներ առաջարկող նոր մեխանիզմներ։ Ի դեպ, օրենսդրական այս փաթեթն ուժի մեջ կմտնի 2024 թ. ապրիլի 1–ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել