Եթե խաղամոլությունը հանենք տնտեսական աճի միջից, մեր աճը էլի երկնիշ է մնալու․ Գեւորգ Պապոյան

 |aravot.am|
12:35 - 16 հոկտեմբերի, 2023

Եթե խաղամոլությունը հանենք տնտեսական աճի միջից, մեր աճը էլի երկնիշ է մնալու․ Գեւորգ Պապոյան |aravot.am|

aravot.am: «Այսօր եւս կան խաղային գործունեության ապօրինի դրսեւորումներ, ՊԵԿ-ը օրերս դարձյալ դեպք էր հայտնաբերել։ Դա կոնկրետ հանցագործություն է, որի հետեւից պետք է գնալ»,- այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։

«Հատկապես մամուլում այս հարցը միշտ հնչում է՝ արդյոք նվազե՞ց խաղամոլությունը, թե՞ ոչ։ Ես ասում եմ՝ չի նվազել, բայց, կներեք, սրանից 5 տարի առաջ, 6 տարի առաջ ծառայությունների ոլորտն աճում էր, օրինակ, 20 տոկոսով, այդ 20 տոկոսի 80 կամ 90 տոկոսը ապահովում էր խաղային ոլորտը։ Հիմա ծառայություններն աճում են այդքան, բայց դրա մեջ, օրինակ, 10 տոկոս մասնաբաժին ունի ոլորտը։ Մենք տարի ենք ունեցել, 7 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, խաղամոլությունը հանեինք, համարյա զրո տոկոս աճ ենք ունեցել։ Հիմա խաղը հանենք միջից, մեր աճը էլի երկնիշ է մնալու»,- ասաց նա։

Գեւորգ Պապոյանը հավելեց, որ եթե այսօր ոլորտի աճը դանդաղել է, հաջորդ փուլում հասնելու են նրան, որ աճը զրո լինի։ «Հետո կամաց-կամաց ներքեւ ենք իջեցնելու։ Սա պետք է արվի, մենք չպետք է իլյուզիաներ ունենանք, որ մեկ օրենքով բոլոր հարցերը լուծվելու են, դա երկար աշխատանք է։ Ես հիշում եմ՝ 2010-ականներին, ինչ հեռուստահաղորդում ու սերիալ միացնեիր, գլխավոր հերոսը մարդ էր, ով խաղադրույքով 10 մլն դամ փող էր շահել։

Այդպես 10 մլն դրամ շահեց մի 20 տարի կամ 10 տարի, դրա համար վերջում 2017, 2018, 2019 թվերին հասանք այդ արդյունքներին։ Եթե 10 տարի շուտ սրան արձագանքած լինեինք ու կանխարգելած լինեինք, հիմա այս թվերը չէինք ունենա։ Եթե նույնիսկ օրենք ընդունենք, որ փակում ենք, խաղամոլությունը 100 տոկոսով չի վերանա, մի մասը գնալու են տարբեր եղանակներով դրսի կայքերում խաղալու, եւ փողը դուրս ենք տալու։ Մյուս մասը գնալու են կարտ խաղալու եւ այլն»,- ընդգծեց նա։ Գեւորգ Պապոյանը նաեւ հավելեց, որ բանկերը խաղամոլներին վարկեր չեն տալիս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել