Երևան կժամանի ՌԴ ՊՆ պատվիրակություն՝ քննարկելու է  ԼՂ-ից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները․ ՏԱՍՍ
12:47 - 06 հոկտեմբերի, 2023

Երևան կժամանի ՌԴ ՊՆ պատվիրակություն՝ քննարկելու է  ԼՂ-ից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները․ ՏԱՍՍ

Այսօր Երևան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ քննարկվելու է  Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 44-օրյա պատրեազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ Ըստ հայտարարության՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմելու է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Ըստ պայմանավորվածության՝ պետք է ԼՂ-ն ամբողջովին զինաթափվեր, իսկ հետո քննարկվեին «վերաինտեգրման հարցեր»։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ ադրբեջանական և արցախյան կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ինչին հաջորդեցին սեպտեմբերի 25-ի և սեպտեմբերի 29-ի հանդիպումները։ 

Սեպտեմբերի 29-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 24-ից մեկնարկեց Արցախի բնակչության բռնի տեղահանությունը։ Վերջին տվյալների համաձայն՝ Արցախից բռնի տեղահանվածների թիվը կազմում է 100 632: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել